Ամեն տեղ սպիտակ է ու հանգիստ, միայն երբեմն նշմարվում են ձյան տակից հազիվ երևացող սև բծեր, երևի նոր կյանք է հյուր գալու այս կորսված ամանորի գիշերը. Անի Ենգիբարյան
Հանգիստ ես ու լուռ: Գիտեմ այսօր այլևս չես ուզում խոսել…հասկանում եմ: Անտարբեր չես, պարզապես ուզում ես այսքան աղմուկի մեջ ընդարմանալ և լսելի դարձնել քո լուռ ձայնը:
Հիվանդանոցային լուռ տեսարան, որտեղ կյանքի սկիզբն ու վերջը կարելի է տեսնել:
Տաքուկ աշխատաեսնյակում հպվել եմ տաքացուցչին, արմունկներով հենվել եմ պատուհանագոգին և լուռ հետևում եմ երկնքից իջնող սպիտակ փաթիլների խաղը:
Ամեն տեղ սպիտակ է ու հանգիստ, միայն երբեմն նշմարվում են ձյան տակից հազիվ երևացող սև բծեր. Այն հողն է, որ ուզում է ասել, որ մենք դեռ նոր գարնանը կտաքանանք:
Չէ ցուրտ չէ, նույնիսկ այս ճերմակի մեջ զգում եմ լուռ ջերմություն: Երևի նոր կյանք է հյուր գալու այս կորսված ամանորի գիշերը:
Հասկանում եմ… դուք այսօր այստեղ չեք զգալու այդ լռությունը, որովհետև ինքներդ եք լռել հավերժի ճանապարհի մեջ, բայց հենց այդ նույն լռության մեջ լսում եմ ձեզ: Ժպտում եք, համեստորեն հայացքով շրջվում եք… իհարկե գիտեմ, որ նեղացած չեք, բայց կարոտում եք ու պարզապես ասում եք այն հրաշք խոսքերը, որ բոլորը պետք է լսեն:
- Մենք դասվել ենք ողջերի շարքը, մի՛ սգացեք մեզ համար, որովհետև սգալով դուք մեզ ասում եք անվերադարձ հրաժեշտի խոսքեր, իսկ մենք վերադառնալու ենք դեռ նոր ասելիքով, նոր դեմքով ու համազգեստով:
Մեզ հրաժեշտ մի տվեք: Ի՞նչ է ՍՈՒԳ-ը՝ սև ուրվականների գերեզման:
Մենք ուրվականներ չենք, այլ ողջ զինվորներ, որ ամենքիդ կողքին կանգնած ենք: Պարզապես, ինչպես կյանքի ընթացքում, այնպես էլ հիմա մեզ լավ չեք լսում:
- Մի՛ սգացեք մեր հաղթանակի համար: Մենք հաղթել ենք չարին ու նորոգել մի նոր կյանք: Դուք այսքան ժամանակ դա չհասկացաք, որ հաղթանակը սպանելով չէ, հաղթանակը առարկային ձեռք բերման մեջ չէ: Հաղթանակը քո ներսում է ու քո մտքերում…Տղեք եկեք այսօր այնպես խոսենք, որ վաղը մեր հողը մեր ձայնը լսելի դարձնի: Միայն մի խնդրանք հայեր ջան՝ սկսեք հավատալ ու լսել:
- Սպասե ես էլ բանըմ ըսեմ, ինչ կեղնի օր: Դուք բդի իրար սիրեք, ըդիք պետք է օր զգաք իրար հանդեպ ու օր կըսենք, հավադացեք, մենակ էսօրով չի էղնի,: Դու հավադա օր ես կամ, դու հավադա օր ես ամեն ծառի, քարի մեջ եմ: Այ էդ վախտ կսկսես սիրել ու եթե սիրես գը , կսկսես սրդացավ էղնիս ու պաշտպանես:
- Մի բան էլ ես եմ ուզում ասել տղեք: Լավ սկսեցիք այս խոսակցությունը: Շատ լավ է, որ մեր հարազատներն այսօրվանից կարևոր բաներ հասկանան ու դրանով էլ առաջնորդվեն: Մենք բարդ ճանապարհներ միշտ անցնում ենք ու դա հարկավոր է մեզ, որովհետև սովորում ենք: Մի բան պատկերացրեք, որ բանակ գնում ու զորամասում ծանոթ մարդ ենք հանդիպում, ավելի հեշտ ու հավեսա դառնում ամեն ինչ: Դե մեկը լինում է, ով դառնում է միջնորդ: Այստեղ մենք էլի մեկս մյուսի միջնորդն ենք ու շատ լավ է անցնում մեր օրը: Միայն, որ ձեր անհանգիստ ձայներն ենք լսում, մի քիչ տխրում ենք, բայց փորձում ենք ամեն մեկս ցույց տալ, որ հարկավոր չի այդքան ծանր ապրել…
- Հա ճիշտ է ասում: Մեկա ինչ էլ ասենք չեք հավատա չէ: Դե էն ժամանակ, որ բանակում էինք, զանգում էիք ու հարցնում ՝ոնց ենք, ասում էինք լավ, բայց մեկա չէիք հավատում ու էլի տխրում էիք:
- Տո այ ժողովուրդ մենք ախր մեզ շատ լավ ենք զգում: Դուք եք ձեզ տրամարդում ու ձեր երևակայությունը չի թողնում, որ դուք իրականում մեզ զգաք:
- Մենք լուռ չենք, պարզապես դուք այնքան աղմկոտ եք, գոռում եք ու մեր ձայնն անգամ չեք լսում:
- Տղեք հպարտ եղեք ու բնական է, որ մեր ֆիզիկական անտես լինելը կարող է տխրեցնել մեր հարազատներին, բայց ես էլ մի բան ասեմ. Այս ամենը անցնելու է ու մենք բոլորս իրար այնքան ամուր ենք զգալու ու սիրելու: Ուղղակի նաև մի կարևոր բան՝ միայն այս օրերի մեջ մի հիշեք մեզ, այլ ամեն օրվա, ամեն վայրկյանի ընթացքի մեջ: Մենք ձեր կողքին ենք ո ւ ձեզ լսում ենք, տեսնում ենք ու ձեր կողքով քայլում: Դուք աշխատեք լսել մեզ, իսկ մենք ասում ենք ՝
Մի՛ ողբացեք, այլ շարունակեք ապրել,
Մի՛ ատեք ու անիծեք, այլ սիրո խոսքեր միմյանց շռայլեք,
Մի՛ նսեմավրեք, այլ իրար ձեռք բռնեք, իրար օգնեք ու աջակցեք,
Մի՛ թուլացեք, դադար տվեք, հանգստացեք, որ դիմավորեք գարնանամուտը, որովհետև ու պետք է ունենաք աշխատելու:
Մի՛ հեռացեք, մնացեք ու հավատալով քայլեք,
Մենք հաղթեցինք, դուք էլ պետք է հաղթեքմ, որ ապրեք:
- Բը, տեսաք ինչքան շատ ենք խոսում…իսկ դուք ասում եք…. Մենք չենք լռում, պարզապես հանգիստ ենք:
Տղաները խոսեցին այս ջերմ ու հանգիստ սպիտակի մեջ:
Նորից նայեցի պատուհանից դուրս: Այլևս ոչինչ չէր երևում՝ ոչ ձյունը, ոչ ձնածածկ ծառերն ու տանիքները: Մառախուղն ամեն ինչ անտեսանելիության մեջ թողեց: Բայց այն միայն մարախուղ է, որը շուտով հեռանալու է ու նորից տեսնեմ այն հեքիաթը, որն իրականին է ձուլվել: Նույնիսկ մառախլապատ օդը խոսեց ու ազդարարեց այն, որ հարկավոր է հանգստանալ և պարզապես թուլացնել պրկված մկանները, ծանրացած կոպերն ու հոգնատանջ սիրտը:
Չեմ կորցնում ու չեմ մոռանում ձեզ, որովհետև դուք սիրեցիք, իսկ ես առավել քան պետք է շարունակեմ ձեր սիրով լցվել, քանի որ դեռ նոր սիրով է լցվելու Հայոց Աշխարհի ամեն մի քար, օդում սավառնող խաղաղությունը:
Հեղինակ՝ Անի Ենգիբարյան (հոգեբան)
Կարծիքներ