Եթե գյուղում ծնողն աշխատող է, երեխայի նպաստի չափը կրկնակի կլինի․ նախարար
Հուլիսի 1-ին մեկնարկում են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը։
Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Ծրագրերի մի մասն ուղղված են երեխաների խնամքին, ծննդյան միանվագ օգնությանը։ Մյուս մասն էլ բնակարանային ծրագրերն են, որոնք հասցեագրված են փոքրիկ ունեցող ընտանիքներին։
Նախարարը նշեց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ազգային անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար շատ կարևոր է, ուստի, այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են պատրաստ կյանքի կոչել։ ՄԱԿ-ի հիմնադրամի կատարած ուսումնասիրություններով՝ մենք ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիր ունենք հատկապես մարզերում։ Այս փաստն էլ հաշվի առնելով՝ առավել ուշադիր են հատկապես մարզերի նկատմամբ։
«Երեխայի նպաստի խնամքի դեպքում մենք որոշակի արտոնություն ենք տվել հենց գյուղական համայնքներին։ Այս պահին լուրջ խնդիր ունենք հատկապես գյուղաբնակ ընտանիքներում, մեր ռեսուրսներն առաջին հերթին գյուղեր ենք ուղղել։ 2-ից ավել երեխաներ հենց գյուղերում են եղել և նրանց շնորհիվ է, որ վիճակը կայուն է և գուցե նաև աճ ենք արձանագրել»,-նշեց նա։
Նախարարության ուշադրության կենտրոնում մանկապարտեզներ են՝ ցանկանում են ապահովել երեխաների անհոգ մանկությունը։
«Կբարձրանա մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստը, երբ ծնողն աշխատում է։ Այս պահին տրամադրվող 18 000 դրամը դառնալու է 26 500 դրամ։ Եթե գյուղական համայնքում ծնողն աշխատող է, նպաստի չափը կկրկնապատկվի։ Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»,- մանրամասնեց Բաթոյանը։
Նախնական հաշվարկներով՝ գյուղական բնակավայրերում ամիսը 1200 երեխա կծնվի։
Զարուհի Բաթոյանի խոսքով՝ եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծննդյան օրը, ապա նպաստը կնշանակվի երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
Իսկ բնակարանային ապահովման ծրագիրը 3 մասից է բաղկացած:
Կարծիքներ