Արտակարգ դեպք Երևանում. պայթուցիկ են նետել կառավարական ամառանոցների մոտ ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ Կոնդի եկեղեցու դիմաց, ծառայություն կատարող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ անհայտ անձը պայթուցիկ է նետել:
Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա՝ դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերել 1 հատ ճայթած ինքնաշեն պայթուցիկ և 1 հատ չճայթած ինքնաշեն կանաչ կպչուն ժապավենով փաթաթած պայթուցիկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կարծիքներ