Գնել Սանոսյանին են ներկայացվել Բյուրեղավանի պոլիկլինիկայի հիմնանորոգված շենքում իրականացված աշխատանքները

Գնել Սանոսյանին են ներկայացվել Բյուրեղավանի պոլիկլինիկայի հիմնանորոգված շենքում իրականացված աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Բյուրեղավան խոշորացված համայնքում Կոտայքի մարզպետի և համայնքապետի հետ շրջել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հիմնանորոգված շենքում։ ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյանը նախարարին է ներկայացրել իրականացված աշխատանքը։

 

 

Սուբվենցիոն ծրագրով 2020-2021 թթ․ ամբողջությամբ կատարվել են պոլիկլինիկայի վարչական շենքի ներսի և դրսի հարդարման աշխատանքներ՝ հիմնանորոգվել են շենքի հետազոտությունների ու միջամտությունների սենյակները, միջանցքները, փոխվել են սանհանգույցները, ջրամատակարարման, ջեռուցման համակարգը, տանիքը:

 

2020 թ․ սկսվել և ավարտվել է շենքի դրսի, տանիքի և բակի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրը իրականացվել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 50 միլիոն դրամ։ Համայնքի բյուջեի մասնաբաժինը կազմել է 70%, պետական բյուջեինը՝ 30%։

 

2021 թ․ կրկին սուբվենցիոն ծրագրով և ֆինանսական նույն հարաբերակցությամբ իրականացվել են շենքի ներսի հիմնանորոգման աշխատանքներ։ Այս ծրագրի բյուջեն էլ կազմել է շուրջ 61 միլիոն դրամ։

Անհրաժեշտ բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերումից հետո պոլիկլինիկան կհանձնվի շահագործման։

 

Շրջայցից հետո նախարարը մասնակցել է պոլիկլինիկայի բակում իրականացվող ծառատունկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում