Հոկտեմբերին կլինի կառավարման կենտրոն, որտեղ ցանկացած պահի վերահսկողություն կիրականացվի ավտոբուսների նկատմամբ. Երևանի քաղաքապետ
Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ ունեն որոշակի քանակությամբ մանրադրամ: Բայց խնդիրը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին: Թեմայի վերաբերյալ Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
«Վարորդներին ամեն օր տրամադրում ենք 10 հազար դրամի շրջանակներում կոպեկներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում մանրեն և նետեն մետաղադրամների արկղի մեջ: Բայց այդպես չի լինում, որ պետությունը կամ համայնքը միայն իր կողմից բարելավումներ անի, քաղաքացիների կողմից վարքագծի փոփոխություն չլինի»,- ասաց Սարգսյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց ունենալ 100 դրամներ, մինչև ներդրվի միասնական տոմսային համակարգը:
«Դա արել ենք այն տրամաբանությամբ, որ վարորդը գումարի հետ ընդհանրապես շփում չունենա»,- ասաց քաղաքապետը:
Դիտարկմանը, որ տեղեկություններ կան՝ վարորդը արկղը չնետված գումարը վերցնում է, Սարգսյանը պատասխանեց.
«Չեմ բացառում, որ վերցնում են: Այս պահի դրությամբ տրանսպորտի մասով կառավարման կենտրոն ենք ստեղծում, նոր ավտոբուսները կահավորված են 7 տեսախցիկներով: Կլինեն կառավարման կենտրոնում օպերատորներ, որոնք ցանկացած պահի վերահսկողություն կիրականացնեն: Հիմա ծրագիրը թեստավորման փուլում է, հոկտեմբերին կունենանք կառավարման կենտրոնը»:
Քաղաքապետը կարևորեց քաղաքացիների պատասխանատվությունն այդ հարցում, որպեսզի հավաքված գումարներն ուղղվեն համայնք:
«Անցած տարի 10 միլիարդ դրամ ենք ծախսել ու հարկատուների վճարած գումարների հաշվին ձեռք բերել 211 ավտոբուսները: Հիմա պատրաստվում ենք այդ տրամաչափի ևս 100 ավտոբուս, նաև 15 տրոլեյբուս բերել: Այդ ամենը՝ հավաքագրված գումարների հաշվին»,- նշեց Սարգսյանը:
Կարծիքներ