Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իմ աշխատակազմի անդամներից մեկը վարակվել էր կորոնավիրուսով: Կեսգիշերին հայտնի դարձան նաեւ իմ թեստի արդյունքները, այն դրական է»,- չորեքշաբթի խոսնակին մեջբերում է ISNA գործակալությունը: Գործակալության տվյալներով` Գալիբաֆը հայտարարել է, որ կարանտինում է, սակայն ակնկալում է շարունակել կատարել իր պարտականությունները:
Վերջին օրերին Իրանում վարակվածների թվի աճը վերսկսվել է: Ցուցանիշների հարաբերական անկում էր նկատվում ամռան վերջին. օգոստոսի 31-ին դեպքերի օրական աճը վերջին շաբաթների նվազագույնին էր հասել` 1642 դեպք: Դրանից հետո վարակման նոր դեպքերի թիվը կրկին սկսեց աճել: Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի մասին պաշտոնապես հայտարարվեց հուլիսի 15-ին: Հոկտեմբերի 27-ի դրությամբ Իրանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 581 824-ի, առողջացել է 463 611 մարդ, իսկ մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32 953-ի:
Կարծիքներ