Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է. ԱՄՆ պետդեպարտամենտ

Օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ ծավալուն հայտարարություն-զեկույց է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը և որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, թեև ներդրողները դեռևս մատնանշում են առկա մի շարք խոչընդոտները: Առանձնացրել է որոշ կարևոր շեշտադրումներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես-միջավայրը և ներդրումային միջավայրը: Հայաստանում առկա են ԱՄՆ նշանակալի ներդրումներ: ԱՄՆ ներդրողները Հայաստանում բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում, ի թիվս այլոց, մուտք են գործել կամ ձեռք բերել ակտիվներ: «Հայաստանը ներդրողների համար բազմազան հնարավորություններ է ներկայացնում, և երկրի օրենսդրական դաշտն ու կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներդրումներ ներգրավել, սակայն միջավայրը զերծ չէ մարտահրավերներից: Խոչընդոտներ են, օրինակ, Հայաստանի շուկայի փոքր չափը, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը` Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների հետ կապված, օրենքի գերակայության և դատական համակարգի թույլ կողմերը և կոռուպցիայի ժառանգությունը»,-նշված է զեկույցում:

ԱՄՆ պետդեպարտամենտը հիշեցրել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն: «2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները հանգեցրին բազմաթիվ խորհրդարանականների իշխանությունից դուրս գալուն, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում ունեին նշանակալի բիզնեսներ և տնտեսության խոշոր հատվածներում մեծ բաժինների էին տիրապետում: Համակարգային կոռուպցիան վերացնելու ջանքերի շրջանակում ընթանում է հակակոռուպցիոն արշավ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային նպատակակետ, ներդրողները պնդում են, որ բազմաթիվ մտահոգություններ դեռ մնում են և պետք է լուծվեն թափանցիկ, արդարացի և կանխատեսելի բիզնես միջավայր ապահովելու համար: Երկրի լեռնարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճը միջազգային մեծ ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց մնում է չլուծված»,-ասված է տեքստում՝ նկատի ունենալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը:

Շեշտվում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ողջունում է օտարերկրյա ներդրումները: Հայաստանի ներդրումային և առևտրային քաղաքականությունը համեմատաբար բաց է: Օտարերկրյա ընկերություններն օրենքով արժանանում են նույն վերաբերմունքին, ինչ հայկական ընկերությունները: «Հայաստանն ունի ուժեղ մարդկային կապիտալ և լավ կրթված բնակչություն, մասնավորապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում, որոնք նշանակալի ներդրումներ են կատարում բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Բազմաթիվ միջազգային ընկերություններ Հայաստանում մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ են հիմնել՝ օգտվելով երկրի մի խումբ որակյալ մասնագետներից և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ունեցած դիրքերից»,-ասված է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում