Որպես ՌԴ քաղաքացի և ռուս գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի. Զախարովա

Որպես ՌԴ քաղաքացի և ռուս գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է գործարար, ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի՝ Հայաստանում կալանավորմանը՝ նշելով, որ ռուսական կողմը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի:

«Որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ օգնություն»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ի գիշերը ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Ըստ գործարարի փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, միջնորդություն է ներկայացվել կալանքի մասին:

Հունիսի 18-ին Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։  

Նրա այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը նկատել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:  

Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում