Սվետլանա Տիխանովսկայային Լիտվա մեկնելուց առաջ 15 հազար դոլար են տրամադրել․ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային Լիտվա մեկնելուց առաջ 15 հազար դոլար են տրամադրել, գումարը վերցվել է պետական ձեռնարկությունից, ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ինչպես հաղորդում է «Sputnik Բելառուս»-ը, Լուկաշենկոն «հրատապ հարցերի շուրջ» խորհրդակցության ժամանակ ասել է, որ պետական բարձրագույն պաշտոնի ընտրություններից հետո Տիխանովսկայան ընդունելություն է խնդրել ներքին գործերի նախարար Յուրի Կարաևից, ինչի մասին նա զեկուցել է Լուկաշենկոյին:
«Ես երկու հոգու ուղարկեցի այնտեղ՝ նրա առաջին տեղակալին և ՕՎԿ-ի ղեկավարին (նախագահին առընթեր օպերատիվ վերլուծական կենտրոն): Ընդհանուր առմամբ, խնդրանքը մեկն էր. «Խնդրում եմ, փոխանցեք նախագահին, ես ուզում եմ լքել Բելառուսը, փորձանք կլինի: Մենք հասկանում էինք, որ կարող է փորձանք լինել: Ես հրամայեցի. մենք նրան տեղափոխեցինք Լիտվա՝ երեխաների մոտ: Եվ երբ նա ասաց, որ գումար չունի այնտեղ ապրելու համար, իմ հրահանգով պետական ձեռնարկությունից նրան 15 հազար դոլար տրամադրվեց: «Շատ շնորհակալ եմ»,- լալիս էր նա: Աջակցեցինք»,- պատմել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, միաժամանակ Լիտվայում Բելառուսի դեսպանատանը հանձնարարվել է օգնել Տիխանովսկայային՝ տեղափոխման, այդ թվում նաև բնակարան գտնելու հարցով, բայց «Լիտվայի հատուկ ծառայությունները շատ արագ նրան վերահսկողության տակ վերցրին»:
Կարծիքներ