Դուալ կրթությունը հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև բարձրացնել նրանց դերը:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Նա կարևորել է մասնագիտական կրթության դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրել ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում դուալ ուսուցմամբ ներդրվող գյուղատնտեսական մասնագիտությունները: «Մասնագիտական կրթության կազմակերպումը դուալ մոդելի շրջանակում, երբ սովորողների կրթական մոդուլի կարևոր բաղադրիչ է համարվում նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա: Պատրաստված մասնագետները հետագայում կնպաստեն համայնքներում զբաղվածության խնդրի բարելավմանը»,- նշել է Արմենուհի Պողոսյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը միտված է գյուղատնտեսական մասնագիտությունների խրախուսմանը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը կարևորել է կանանց դերը գյուղատնտեսության ոլորտում և նշել, որ տեղական արտադրանքի մեծ մասը ապահովվում է ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից։
HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ խորհրդատու Մոնիք Ֆրեյը ներկայացրել է Շվեյցարիայի փորձն ու քաղաքական և սոցիալական կյանքում կանանց ներգրավման համար իրականացվող ծրագրերը։
Միջոցառման ընթացքում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ, անասնաբույժ և ֆերմեր մասնագիտություն ունեցող 7 կանայք ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները։
Հաջորդաբար պանելային քննարկման շրջանակում անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում կանանց համար առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը և մասնավոր հատվածի ներկայացուցիչ, «Լոռվա կաթ» ընկերության համահիմնադիր Անուշ Սուքիասյանը:
Նշենք, որ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Կարծիքներ