Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ին կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Փաշինյան (տեսանյութ)

Պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ին կոռուպցիոն գործերն էլ բացահայտվի. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդմանը:

Մասնավորապես Բաբաջանյանը դիմելով վարչապետին ասաց, որ խորհրդարանից դուրս գործող անձանց մի փոքր խմբակ, նրանց սպասարկող լրատվամիջոցներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններ քննարկում են, որ այս գործը քաղաքական է։

Բաբաջանյանը հայտարարեց, որ ունի իր դիրքորոշումը, բայց եւ շատ կուզեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի ղեկավար, այդ գործի վերաբերյալ իր դիրքորոշումը նույնպես հայտներ։

Վարչապետը պատասխանեց, որ Բաբաջանյանի նշած մեկնաբանությունները հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր։ Փաշինյանն ընդգծեց, Գագիկ Ծառուկյանի կողմից հնչած այդ հայտարարությունը օրը իր մամուլի խոսնակն արձագանքել է, որում նշել է, որ կարծում է, որ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից, եւ, որ հայտարարության պատճառը դա է։

Փաշինյանը առաջարկեց վերհիշել վերջին 2 տարվա վիճակագրությունը: «2018 թվականի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր Կառավարության կազմում էին, քրեական գործ էր հարուցվել ներկայումս ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով: Հուլիսի 6-ին Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր, հետո գործն ուղարկվել էր դատարան, հետո կայացվել էր մեղադրական դատավճիռ:

Խոսվում է Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին: 2019 թվականի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ: Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա, փաստացի կասկածի շուրջ, որից հետո խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում՝ Ծաղկաձոր քաղաքի առանձնատանը: Այսինքն՝ սա առաջին դեպքը չէ»:

Շարունակելով թվարկել Փաշինյանն ասաց նաեւ, որ 2019 թվականի դեկտեմբերի 28-ին էլ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Այդ գործով պատճառված վնասը փոխհատուցվել է, ինչն էլ, ըստ վարչապետի, փաստացի նշանակում է, որ մարդիկ իրենց մեղքն ընդունել են։ «Ընդ որում՝ խոսքը պետական հողերի ծիծաղելի գներով, օրինակ՝ 290 միլիոն դրամանոց հողը 700 հազար դրամով վաճառելու մասին է»,- ասաց վարչապետն ու ներկայացրեց եւս մի քանի դրվագ։

«Հյուսիս-հարավ» ճանապարհի գործով՝ դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Սեդրակ Առուստամյանին, որը «ՍԹՈՆՍ»-ի տնօրենն է, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հետո՝ 2020 թվականի ապրիլի 23-ին, Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի գործով։

Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ հայտարարել է, որ կոռուպցիոն գործերով իրավապահ մարմիններն էֆեկտիվ չեն գործում: Ասաց, որ կորոնավիրուսի շրջանում պաշտոնանկությունները ինչ-որ առոմով եղել են դրանց կուլմինացիան, պաշտոնանկությունների մեջ նաեւ որոշակի դեր է ունեցել այդ գործընթացը, երբ քննչական մարմնի որոշ օղակներում զգացել է՝ արհեստականորեն գործերն առաջ չեն գնում: 

Նրա խոսքով՝ կար մեծ խնդիր իրավապահ համակարգում, որովհետեւ առավոտյան ժամը 7-ին իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին՝ տանտիկինը «մակիաժով», երեկոյան զգեստով դուռը բացեց։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նախկին իշխանությունը քրեական գործերը միշտ օգտագործել է, որպեսզի այդ ուժերին պահի հսկողության տակ, որովհետեւ լեգիտիմության խնդիր է ունեցել: «Մեր իշխանությունը նման խնդիր չունի: Մեզ պետք չէ գնալ քրեական գործերը դարձնել քաղաքական առեւտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն, կամ խոսալու ձեւն ընտրեն։ Մենք իրենց խոսելու ձեւն ընտրելը կսովորեցնենք, իրենք ստեղ չեն էլ խոսի, որովհետեւ ժողովուրդն իրենց ստեղից վռնդելու է»,- ասաց Փաշինյանը:

Ի՞նչ է եղել, երբ նախկինում բացահայտվել են թալանի դեպքերը․ Փաշինյանի խոսքով՝ ասել են՝ եկեք տեսնենք՝ ով, որտեղ, ինչ, որովհետեւ փողը երբ դրված է եղել հիմքում, դրա արդյունքում մեկինը մի քիչ փակասել է, մյուսինը՝ ավելացել։ Իսկ հիմա իշխանությունն ասում է՝ ոչ, պետք է բոլոր փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձնել։

Փաշինյանի կարծիքով՝ քննվում է երրորդ հանրապետության պատմության ամենակարեւոր գործերից մեկը, որովհետեւ ի վերջո, ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում։

Վարաչպետը նաեւ նշեց, որ համամիտ է այն քննադատությանը եւ ընդունում է, որ ՀՀԿ-ի ընտրակաշառքների համակարգը նույնպես չի բացահայտվել: Շեշտեց, որ այդ խնդիրը պետք է դնել իրավապահների առջեւ եւ այս գործի շրջանակում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտվեն: Ասաց՝ կոռուպցիոն համակարգը մինչեւ իր վերջին ղազագրով պետք է այս հողից արմատախիլ անենք: Շարունակելով Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո «Զիբիլիքս»-ի գործով կա դատավճիռ։ Նա, իհարկե, համաձայնեց, որ դա ամբողջությամբ չի բացահայտվել, բայց դրա համար եղել են որոշակի պատճառներ։ «Եթե հավատանք քննությանը, ես վերլուծելով հասկանում եմ մի բան․ ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ։ ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է հիմնականում մի մարդու փողեր, եւ դրա արդյունքում պետք է եղել հաշվետու լինել հետո, թե ոնց ծախսվեց փողերը։ ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկն իր կոռուպցիոն, իր գողացած փողն է ծախսել եւ մենակ ձայնն է հաշվետու եղել»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ ընդունում է այդ քննադատությունը, թե ՀՀԿ-ի ընտրակաշառքների համակարգն ինչո՞ւ չի բացվում։  Նա ասաց, որ պետք է այս գործի շրջանակներում խորանալ այնքան, մինչեւ ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտվի, կոռուպցան էլ, ի վերջո, պետք է արմատախիլ անել։

Խոսելով ՀՀԿ-ի ընտրակաշառքների մասին, Փաշինյանը մեջբերեց մամուլի հրապարակումներ, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ենթադրաբար, համակարգչի վերականգնված ֆայլերից, երեւում է, թե ընտրակեղծիքների ինչպիսի մանիպուլյացիոն համակարգ է գործել։

Փաշինյանը, շարունակելով այս թեման, ասաց, որ 2017 թվականին մի օրենքի նախագիծ էր գրել, որով պետք է փոփոխվեին կուսակցության կասեցման հիմքերը։ Ըստ դրա՝ այն պարագայում, երբ բացահայտվեր, որ կուսակցությունը համատարած ձեւով ընտրակաշառքներ եւ ընտրակեղծիքներ է իրականացրել, պետք է կասեցվեր դրա գործունեությունը։ «Ցավոք սրտի, «Ելք» դաշինքի իմ գործընկերները չհամաձայնեցին, որ օրենքը դնենք շրջանառության մեջ, ես էլ խմբակցության ղեկավար լինելով, ուզում էի աշխատել կոնսենսուսի մթնոլորտում, բայց մինչեւ էսկողմ-էնկողմ, արդեն գիտեք՝ ինչ եղավ»,- կատակելով ասաց Փաշինյանն ու հավելեց, որ պետք է մտածել դրա մասին, եւ, որ նախագծի «իդեա» է տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում