Բանկերն առավել բարեխիղճ են անվտանգության պահպանման հարցում. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Էրեբունիում
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Այստեղ նախորդիվ կատարված մշտադիտարկումներից եւ ստուգայցերից հետո, ըստ դիտարկումների, իրավիճակը զգալիորեն փոխվել է․ տնտեսավարողներն առավել իրազեկ են ու տեղեկացված պարետի սահմանած անվտանգության կանոններին՝ կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը, նաեւ առավել բարեխիղճ են դրանց պահպանման հարցում։ Առավել զգուշավոր ու բարեխիղճ են այս առումով բանկերը։
Միաժամանակ, իրազեկման, խորհրդատվական, մշտադիտարկման, նաեւ կասեցման աշխատանքների արդյունքում զգալիորեն պակասել են արձանագրվող խնդիրները։ Վերջինների շարքում առավել հաճախ արձանագրվում են դիմակ կրելու կամ ճիշտ կրելու, ախտահանման աշխատանքների եւ ախտահանիչ նյութերի ճիշտ կիրառման, ջերմաչափման խախտումներ եւ այլն։
Ստուգայցերի դիտարկման տիրույթում են գրանցամատյանների, ջերմաչափերի, ախտահանիչ նյութերի առկայությունը, ձեռքերի լվացման և չորացման պայմանները, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և պարետի սահմանած այլ պահանջներ: Արձանագրված խախտումների հիմքով որոշ տնտեսավարողների վերաբերյալ ժամանակավոր կասեցման միջնորդություններ կներկայացվեն պարետատուն:
ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր ու հորդորում է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները․ հանրային առողջապահական շահի տեսանկյունից դրանց պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։ Այլապես, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Կարծիքներ