Սահմանադրության փոփոխությամբ բաժանարար գիծ կքաշվի նախկին բռնապետ և ներկա ժողովրդավար ռեժիմների միջև. իրավագետ

Սահմանադրության փոփոխությամբ բաժանարար գիծ կքաշվի նախկին բռնապետ և ներկա ժողովրդավար ռեժիմների միջև. իրավագետ

Իրավագետ Արտաշես Խալաթյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին քանիցս խոսել էր հատկապես նախապատերզմյան շրջանում, և, ըստ էության, դրա առաջնային մոտիվացիան լեգիտիմ Սահմանադրություն ունենալն է:

Այս մասին իրավագետը նշել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Կառավարության ղեկավարի այն պնդմանը, ըստ որի՝ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:

Խալաթյանի խոսքով՝ 1995 թվականին ընդունված, ապա երկու անգամ փոփոխված Հայաստանի Սահմանադրությունը լեգիտիմության խնդիր ունի:

«Քանի որ երեք սահմանադրական հանրաքվեներն էլ, ժողովրդի շրջանում տարածված հիմնավոր համոզման համաձայն, կեղծված են, չեն արտացոլել և արտացոլում ժողովրդի քվեն, և այդ առումով շարունակում է ինչ-որ առումով խզում պահպանվել Սահմանադրության և ժողովրդի միջև, որովհետև ժողովուրդն իրեն Սահմանադրության տերը չի համարում, իսկ դա, ըստ էության, հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի տեսանկյունից լուրջ գաղափարական, իրավական, քաղաքական խնդիր է առաջացնում»,- նկատում է իրավագետը:

Վերջինիս նկատառմամբ՝ հաշվի առնելով դա՝ նոր Սահմանադրության ընդունումը նախևառաջ նպատակ ունի շտկել ժողովրդի և Սահմանադրության միջև խզումը և իրավամբ ունենալ լեգիտիմ հանրաքվեով ընդունված Սահմանադրություն. «Այլ կերպ ասած, եթե անգամ այդ Սահմանադրության մեջ տող անգամ չփոխվի, այն պետք է կրկին դնել ժողովրդի դատին, որպեսզի մենք իմանաք՝ ի վերջո ինչ կարծիք ունի ժողովուրդը Սահմանադրության վերաբերյալ: Արդյոք մեզ պե՞տք է այս տեքստով Սահմանադրություն, թե՞ ժողովուրդը, օրինակ, այլ քաղաքական նախընտրություններ ունի սահմանադրական տեքստի, կառավարման ձևի վերաբերյալ»:

Իրավագետը նկատում է, որ, ըստ էության, նոր Սահմանադրությամբ կամբողջացվեն հեղափոխության արդյունքում քաղաքական համակարգի ժողովրդավարացումը և իրավական պետության հիմքերի նորոգումը. «Եվ կարող ենք ասել, որ ինստիտուցիոնալ տեսանկյունից այլևս հստակ բաժանարար գիծ կքաշվի նախահեղափոխական բռնապետական քաղաքական ռեժիմի և հետհեղափոխական ժողովրդավարական քաղաքական ռեժիմի միջև»:

Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, որ պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում՝ Խալաթյանը կարծում է, որ այստեղ խոսքը կրկին վերաբերում է սահմանադրության լեգիտիմությանը:

«Այսինքն՝ միջազգային հարաբերություններում Հայաստանը կարող է կենսունակ լինել, եթե իր իրավակարգը վայելում է քաղաքացիների վստահությունը, հիմքը սահմանադրական լիարժեք լեգիտիմության հաղորդումն է: Երկրորդ՝ չեմ բացառում, որ գուցե կլինեն տնտեսական բնույթի որոշակի հիմնարար փոփոխություններ Սահմանադրության մեջ, օրինակ՝ վերազգային կազմակերպություններին անդամակցելու, կամ վերազգային կազմակերպություններին չանդամագրվելու իմաստով, կամ միջազգայնորեն չեզոք՝ ոչ դաշինքային պետություն լինելու սկզբունքի ամրագրման եղանակով, ինչպես, օրինակ, ամրագրված է Ավստրիայի, Լիխտեյնշտեյնի սահմանադրություններում, և դա նաև կենթադրի ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալը և միաժամանակ որևէ ռազմաքաղաքական դաշինքի չանդամակցելը»,- ասում է նա:

Ըստ իրավագետի՝ վերոնշյալ ճանապարհով գնալու դեպքում կլինեն ռազմաքաղաքական և տնտեսական բնույթի այնպիսի կարգավորումներ, որոնք ՀՀ-ին թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռեգիոնալ մակարդակում կդարձնեն կարևոր, բայց միաժամանակ որևէ պետության անվտանգությանը չսպառնացող պետություն. «Իհարկե, սրա համար պետք են նաև համապատասխան երաշխիքներ Հայաստանին, այդ թվում՝ մեր բարեկամ գերտերություններից, որ չի լինի նաև հակառակ պրոցեսը, այսինքն՝ ՀՀ-ը, հռչակելով իր չեզոքությունը միջազգային հարաբերություններում, չի ենթարկվի այլ պետությունների ագրեսիային: Սրանք, իհարկե, իմ ենթադրություններն են, իսկ վերջնական խոսքը պատկանում է սահմանադրական բարեփոխումների խորհրդին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին»:

Խոսելով նախաձեռնության վերաբերյալ ընդդիմության բացասական արձագանքների և այն պնդման մասին, թե այս ամենն արվում է Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությամբ և պարտադրմամբ՝ Արտաշես Խալաթյանը դա պարզապես հերյուրանք և անպտուղ դավադրապաշտության դրսևորում է որակում:

«Ցավոք, խորհրդարանական և որոշ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր փոխանակ թեկուզ կոնստրուկտիվ քննադատությամբ ներգրավվեն իրավամբ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիսկուրսին, կրկին խուսափում են պատասխանատվություն ստանձնել և, ըստ էության, նման անպտուղ և ոչ արհեստավարժ զրույցներով պարզապես իրենց դուրս են դնում այս գործընթացից և հանդիսատեսի դերում են մնալու: Նրանց այդ խոսույթը ոչ մի աղերս չունի ճշմարտության հետ, քանի որ անհասկանալի է, թե Թուրքիայի և Ադրբեջանի ո՞ր շահերն է շոշափում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, կամ իրենց ո՞ր շահերին է հակառակ գործող Սահմանադրությունը»,- ասում է զրուցակիցը:

Իրավագետը վնասակար և անպտուղ քաղաքական խոսույթ գեներացնողներին հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության 13 հոդվածի համաձայն՝ միջազգային հարաբերություններում ՀՀ-ն առաջնորդվում է միջազգային իրավունքով, որը, ըստ էության, գերակայություն ունի ներպետական օրենսդրության նկատմամբ. «Հետևաբար այդ խոսույթը և՛ անտրամաբանական է, և՛ ոչ արհեստավարժ, և՛ անպտուղ»:

Միաժամանակ Արտաշես Խալաթյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ, օրինակ, Ադրբեջանի անկախության հռչակագրում հստակ նշված է, որ Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, այլ ոչ թե խորհրդային Ադրբեջանի:

«Հիմա, եթե այդ սկզբունքով ենք նայում, ուրեմն Ադրբեջանը կամովին հրաժարվում է ԼՂ-ի նկատմամբ իր որևէ իրավունքից, քանի որ Ադրբեջանի առաջին հանրապետության կազմում ԼՂ-ն չի եղել: Այսինքն՝ ներպետական իրավական ակտերը չունեն որոշիչ դերակատարում միջպետական հարաբերություններում, և հետևաբար Ադրբեջանը կարող է տարաբնույթ խոսույթ գեներացնել, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները պայմանավորված են Ադրբեջանի ինչ-որ պահանջներով: Ընդդիմության կողմից նման խոսույթի գեներացիան, ըստ էության, փորձ է ապալեգիտիմացնելու իրավամբ սահմանադրական լեգիտիմ կարգ հիմնադրելու՝ գործող իշխանության ջանքերը՝ փորձելով այն շաղկապել Ադրբեջանի ղեկավարի էքստրավագանտ՝ ներքին լսարանի համար արվող հայտարարությունների հետ»,- ընդգծում է Խալաթյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում