Կաթնառատի ջրի խնդրի հիմքով ԱԱՏՄ-ն հարուցել է վարչական վարույթ
Օպերատիվ արձագանքելով Տաշիրի Կաթնառատ գյուղից աղիքային սուր վարակ ախտորոշմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն մի շարք քաղաքացիների հոսպիտալացումների ահազանգին՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել։
Մարզային աշխատանքային այցի ընթացքում Ավագյանն անձամբ է ծանոթացել խնդրահարույց ջրամատակարարմանն առնչվող հարցերին, ԱԱՏՄ մասնագետները զեկուցել են ձեռնարկված քայլերի ընթացքը։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ ժամանակավորապես դադարեցնել տվյալ համայնքի ջրամատակարարումը, հարուցվել է վարչական վարույթ, ընթանում է գործի զննում։
Որպես հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ձեռնարկել է Կաթնառատ համայնքի բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու միջոցառումներ։
ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի նորանշանակ ղեկավար Արման Ոսկանյանն այցելել է Ստեփանավանի ԲԿ՝ վերջինիս տնօրեն Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ տեսակցելու աղեստամոքսային խանգարումներով այստեղ տեղափոխված հիվանդներին։
Կարծիքներ