Ֆրանսիայի կառավարությունը երկարաժամկետ ռազմավարություն է մշակում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար

Ֆրանսիայի կառավարությունը երկարաժամկետ ռազմավարություն է մշակում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար

Ֆրանսիայի կառավարությունն այժմ աշխատում է COVID-19 համավարակի դեմ երկարաժամկետ ռազմավարություն կազմելու վրա: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Le Monde թերթը:

Ըստ թերթի տեղեկատվության՝ փաստաթղթի նախագիծը պետք է ներկայացվի նոյեմբերի վերջին: «Մենք պետք է սովորենք երկար ժամանակ ապրել վիրուսի հետ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, մեջբերում է թերթը: «Մենք դեռ պատվաստանյութ չունենք եւ պետք է սահմանենք վարքի կանոններ»,- հավելել է նա:

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ «արդեն հիմա մի բան հաստատ է՝ հանրային տարածքներում տոնական, ընտանեկան հանդիպումները երկար ժամանակ արգելված կմնան»: «Բացի այդ, վարակման վայրեր հանդիսացող բարերն ու ռեստորանները չեն կարողանա բացվել դեկտեմբերի 1-ից, ի տարբերություն, օրինակ, խաղալիքների խանութների»,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարը՝ հավելելով, որ իշխանությունները «անընդհատ հարմարեցնում են կյանքը կորոնավիրուսի հետ կապված փոփոխվող իրավիճակին»:

Կաստեքսի խոսքով՝ «ֆրանսիացիները հասկանում են, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարդ է»: «Նրանք տեսնում են, որ այլ պետությունները նույն իրավիճակում են, եւ որ այդ երկրների իշխանությունները կայացնում են նույն որոշումները, ինչ ֆրանսիական կառավարությունը»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ համավարակի դեմ պայքարում շատ բան կախված է հենց քաղաքացիներից, ովքեր պետք է կատարեն բոլոր ցուցումները: «Կարանտինի կանոնները պետք է պահպանեն բոլորը: Որքան շատ մարդիկ այժմ հետեւեն այս միջոցառումներին, այնքան շուտ մենք կարող ենք դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից»,- ասել է Կաստեքսը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարության համաձայն՝ հոկտեմբերի 30-ից առնվազն դեկտեմբերի 1-ը երկիրը վերականգնել է ինքնամեկուսացման ռեժիմը: Փակվել են սրճարանները, ռեստորանները, բարերը, մարզադահլիճներն ու ակումբները, արգելվել է ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութների աշխատանքը:

Փողոց դուրս գալ թույլատրվում է միայն աշխատանքի, ընտանեկան անհետաձգելի գործերով գնալու համար, բժշկի այցելելու, սոցիալական օգնություն ստանալու, դատարան ներկայանալու համար: Բոլոր դեպքերում լրացվում է հատուկ ձեւաթուղթ` նշելով անունը, ազգանունը, ծննդյան տարիքն ու վայրը, բնակության հասցեն եւ դուրս գալու ժամանակը: Կարանտինի կանոնները խախտելու համար տուգանքը 135 եվրո է:

Ըստ առողջապահական մարմինների վերջին տվյալների՝ Ֆրանսիայում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,9 միլիոն դեպք: Մարտից մահացածների թիվը գրեթե 44 հազար է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում