Բագրատյանն առաջարկեց ընդլայնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունը. նախագիծը հավանություն չստացավ
ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում էր ԱԺ քննիչ հանձնաժողովների լիազորությունները ավելացնել ևս մեկով՝ հնարավորություն տալով առաջարկ ներկայացնել խմբակցություններին՝ կառավարության առանձին անդամների հետագա պաշտոնավարման հետ կապված անվստահություն հարց բարձրացնել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, սակայն, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հավանություն չստացավ:
Նախագծով սահմանվում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է իր որոշմամբ առաջարկ ներկայացնել Ազգային ժողովի խմբակցություններին՝ հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամների չներկայանալու եւ բացատրություններ չտալու դեպքում գրավոր հարցապնդմամբ դիմել Կառավարություն, անրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամների հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում:
«Սա հնարավորություն կտա խմբակցություններին քննիչ հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ կառավարության անդամին անվստահություն հայտնելու՝ իր պարտականությունները չկատարելու, քննիչ հանձնաժողովի նիստին չմասնակցելու հիմնավորմամբ»,- ասաց Բագրատյանն ու հավելեց՝ քննիչ հանձնաժողովի նիստին նախարարների են հրավիրում, սակայն նրանք տարբեր պատճառաբանություններով չեն գալիս:
Պատգամավորի խոսքով՝ քննիչ հանձնաժողովը հանդիսանում է հիմնականում ընդդիմության գործիք, և դրա արդյունավետ աշխատանքին կարող են խոչընդոտել իշխանության առանձին մարմիններ՝ չցանկանալով արդյունավետ աշխատանքի հնարավորություն տալ ընդդիմությանը: Արդյունքում Բագրատյանը ներկայացրել է այս օրենքի նախագիծը՝ ուժեղացնելու քննիչ հանձնաժողովի լիազորությունները:
«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այն, ինչ նախագծով առաջարկվում է ամրագրել որպես քննիչ հանձնաժողովի իրավունք, ոչ ֆորմալ առումով հանձնաժողովը կարող է իրականացնել: «Հարցապնդման սուբյեկտը չի փոխվում, խմբակցությանն է տրված այդ իրավունքը: Դուք ասում եք, որ ոչ թե հարցապնդման իրավունք տրվի հանձնաժողովին, այլ քննիչ հանձնաժողովը դիմի խմբակցությանը, որ խմբակցությունը հարցապնդմամբ հանդես կա: Այսօր էլ այդ հնարավորություն կա, ուղղակի ոչ ֆորմալիզացված»,- ասաց Գրիգորյանը՝ դիմելով Բագրատյանին:
Բագրատյանն արձագանքեց՝ ուզում է խմբակցություններին տալ ավելի ուժեղ գործիքակազմ՝ քննիչ հանձնաժողովի եզրակացության հիման վրա դա անել:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց, որ քննիչ հանձնաժողովի դերակատարությունն ԱԺ-ում պետք է բարձրացվի, սակայն ըստ նրա՝ Բագրատյանի ներկայացրած առաջարկը որևիցե հավելյալ արժեք չի հաղորդում քննիչ հանձնաժողովին:
Նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ 4 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայներ:
Կարծիքներ