Հայկական ֆուտբոլի սիրտը պիտի հանենք ու նորը դնենք, հեղափոխություն պետք է անենք. Արաս Օզբիլիզ

Հայկական ֆուտբոլի սիրտը պիտի հանենք ու նորը դնենք, հեղափոխություն պետք է անենք. Արաս Օզբիլիզ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է թափանցիկ գործունեություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օզբիլիզը ներկայացրեց ֆուտբոլի զարգացման իր տեսլականը` ընդգծելով գործունեության հիմնական  ուղղությունները, որոնք են մասսայական  մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզչական կրթությունը,  ենթակառուցվածքների համար ներդրումային ծրագրերի ներգրավումը, ֆուտբոլի ազգային մոդելի ներդրումը, պրոֆեսիոնալ ֆուտբոլը, ազգային հավաքականները և կանանց ֆուտբոլը: Օզբիլիզը գործարկել է Arasozbiliz.am կայքը, որտեղ ներկայացված է իր ամբողջական ծրագիրը:

«Ֆուտբոլը պետք է հասանելի լինի բոլորի համար: Մեզ հարգանք է պետք ոչ միայն դաշտում, այլ նաև դաշտից դուրս: Պետք է ֆուտբոլային մշակույթ ձևավորենք, որը բացակայում է մեզ մոտ»,-ասաց նա:

Օզբիլիզի խոսքով` ՀՖՖ նախագահի ընտրություններում հեշտ պայքար չի լինելու, սակայն իր հաղթանակի շանսերը բարձր է գնահատում, քանի որ ֆուտբոլային աշխարհից մեծ աջակցություն է ստանում:

«Ասել եմ, էլի եմ ասում` ամեն ինչ կանեմ իմ ուժերի սահմաններում, որ Մխիթարյանի պես ֆուտբոլիստները մինչև կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Բայց, եթե ինձ ընտրելու եք Մխիթարյանին հետ բերելու համար, ապա մի ընտրեք: Մեր նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլի զարգացումը»,-առանձնացրեց  նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպանը շեշտում է, երբ ինքն էր հավաքականում, թիմը մի մեծ ընտանիքի նման էր, ինչը, կարծես, հիմա պակասում է թիմում: Իսկ ինչ վերաբերում է ՀՖՖ Գործկոմին, ապա կառույցը պետք է լինի անկախ և կազմված լինի չեզոք մասնագետներից: 

«Հայկական ֆուտբոլի սիրտը պիտի հանենք ու նորը դնենք, հեղափոխություն պետք է անենք: Նրանք, ովքեր տեսնում են, որ հայկական ֆուտբոլը վատ վիճակում է և չեն խոսում այդ մասին, նրանք ևս մեղավոր են»,-ասաց նա:

Օզբիլիզը ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում առաջին հերթին աուդիտ կանցկացնի ֆեդերացիայում:

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում