ԱՄՆ-ը հայտարարել է, թե ուրախ կլինի քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը
Միացյալ Նահանգները միշտ հայտարարել Է, թե ուրախ կլինի քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը, եթե դրանք ստացվեն: Այդ մասին հունվարի 11-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
«Ես աշխատել եմ հինգ ամերիկյան վարչակազմում: Եվ մենք մշտապես ասել ենք, որ եթե Շվեդիան ու Ֆինլանդիան ցանկանան խոսել ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հնարավորության մասին, ապա մենք միշտ պատրաստ ենք դա անել»,-ասել Է նա՝ հանդես գալով Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցում:
ՆԱՏՕ-ին այդ երկու երկրների միանալու հնարավորության շուրջ խոսակցություններն ակտիվացել են վերջին շաբաթների ընթացքում ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ վեճերի ֆոնին, որոնք առնչվում են Ուկրաինայի հետ սահմանների մերձակայքում ռուսական ուժերի կենտրոնացմանը: Միեւնույն ժամանակ Նուլանդը ենթադրություններ չի արել այն բանի շուրջ, թե որքան ժամանակ ՌԴ-ն կարող Է թույլ տալ Ուկրաինայի մերձակայքում ուժերի խոշոր խմբավորում պահել:
«Դա ավելի լավ Է իմանալ ռուսական կողմից»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, «թե Ռուսաստանը որքան ժամանակ Է ի վիճակի ֆինանսավորել ուժերի կենտրոնացումն Ուկրաինայի կողքին»:
Նուլանդը ենթադրում Է, որ Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում ուժերի խոշոր խմբավորում տեղափոխելը բավականին թանկ գործողություն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ