Ո՞ր դեպքում կարող է Սահմանադրական դատարանում Ռ. Քոչարյանի գործի քննությունը հետաձգվել
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու հետ կապված դեռ վերջնական որոշում չկա: Ազգային ժողովի ներկայացուցչի միջնորդությունը մակագրվել է ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Աշոտ Խաչատրյանին: Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 7-ին, Սահմանադրական դատարանում նախատեսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը, սակայն օրեր առաջ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Պարզելու համար, թե ինչ ընթացակարգով պետք է տեղի ունենա Ռ. Քոչարյանի գործի քննությունը, FreeNews-ը զրուցել է Սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:
«Եթե Սահմանադրական դատարանի նիստի օրը համապատասխան քանակությամբ դատավորներ ներկա չեն գտնվում, այսինքն նիստի քվորում չի լինում, 5-ից ավելի դատավորներ չեն ներկայանում, ապա տվյալ գործի քննությւոնը հետաձգվում է»,-ասաց Մելոյանը:
Հարցին, թե ինչ ժամկետով է գործի քննությունը հետաձգվում, նա պատասխանեց, որ դա որոշում է Սահմանադրական դատարանը, քանի որ պետք է նորից աշխատակարգային նիստ հրավիրվի ու նոր նիստի օր նշանակվի:
Մելոյանը նշեց, որ այս պահին երկրում սահմանադրական ճգնաժամ է, մի շարք հարցադրումներ են ի հայտ եկել, և պարզ չէ, թե ինչպիսի իրավական ակտերի հիման վրա պետք է դատավորի կամ նախագահի լիազորությունները համարվեն դադարեցված:
Կարծիքներ