Թագավարակի թեստավորման նոր՝ առավել հարմարավետ մեթոդ Գյումրիում
Ինչպես Հանրապետության շատ բուժհաստատություններ այնպես էլ Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցը հանդես է գալիս նոր մեթոդով, իրականացնելով կորոնավիրուսի բացահայտման հետազոտություններ Anti-SARS-CoV-2 (կորոնավիրուսի) հակամարմինների որոշում:
Հետազոտությունը իրականացվում է շվեյցարական Roche ապրանքանիշի Cobas e 411 սարքավորումով: Հետազոտությունը իրականացվում է իմունոխեմիլյումինեսցենտային մեթոդով: Այս հետազոտությունները թույլ են տալիս ոչ միայն ախտորոշել կորոնավիրուսի դրական կամ բացասական ելքերը, այլ նաեւ պարզում են արդյո՞ք պացիենտը նախկինում վարակված եղել է թագավարակով, թե՞ ոչ։
Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը freenews.am-ի հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն ռապիդ թեսթերի այն ունի բարձր սպեցիֆիկություն՝ 99.65% և բարձր զգայունություն, ունի որակի միջազգային սերտիֆիկատ: Բազմաֆունկցիոնալ այս բուժսարքավորումը նորույթ չէ, այն նախատեսված է նաեւ այլ հետազոտությունների համար: Նույն սարքավորումը կատարում է նաեւ հորմոնային հետազոտություններ, ինֆեկցիաների, հակամարմինների ախտորոշում։ Թագավարակի դեպքում հայտնաբերում է նաեվ հիվանդի մոտ արդյոք՞ կան հակամարմիններ, ասել է թե պացիենտը երբևէ հիվանդացել է թագավարակով թե ոչ։
Բժիշկ Սերոբյանը փաստում է, մարդիկ հաճախ ասում են մենք երևի հիվանդացել և բուժվել ենք, որոշակի ախտանշաններ հիշելով և վերլուծելով, իսկ այս հետազոտությունը միանշանակ կփարատի բոլոր կասկածները: Նույն սարքավորումով կարելի է իրականացնել նաեւ ՁԻԱՀ-ի հետազոտություն, ցիտոպլազմայի, վահանաձև գեղձի հետազոտություն:
Ի դեպ, նշենք, որ այս հետազոտությունը առավել հարմար է, նմուշառումն իրականացվում է արյան միջոցով, եւ մեկ ժամվա ընթացքում պարզ են դառնում պատասխանները: Ծառայությունը վճարովի է, արժեքը 6000 դրամ, կոլեկտիվ հայտագրվելու պարագայում կլինեն որոշակի զեղչեր, իսկ նույն կառույցի աշխատակիցների համար անվճար:
Կարծիքներ