108 տարի առաջ, առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին օպերան
«Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, փոքրիկ նվագախումբը բաղկացած էր 12 երաժշտից, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախմբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:
Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա: Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով:
Թեմայի շուրջ Freenews-ի լրագրողը զրուցել է «Բացահայտեք Գյումրին» նախաձեռնության հիմնադիր Դերենիկ Մալխասյանի հետ, ով բավականին ուշագրավ մանրամասներ է ներկայացրել օպերայի շուրջ ծավալված իրադարձությունների, Ալեքսանդրապոլում լույս տենող տպագիր մամուլի մասին։
Պարոն Մալխասյան 1912թ-ին «Անուշ» օպերան կարծես թե բեկում մտցրեց այս ոլորտում և արվեստի այս ճյուղի հիմքը հանդիսացավ։ Սակայն զերծ չմնաց քննադատություններից
Այո, այդ ժամանակներում Հայաստանում նման միջոցառում կազմակերպելը ոչ միայն իրադարձություն էր, որը մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից, անգամ կազմակերպվել է ջահերով երթ, որտեղ մարդիկ հատվածներ են երգել օպերայից, և արժանացել մեծ քննադատությունների։ (Ալիքսանդրապոլում այդ ժամանակ հրատարակվել են մի քանի անուն թերթեր)։ Օրինակ՝ Ալեքսանդրապոլում լույս տեսնող «Արագած» թերթը բավականին թիրախավորված քննադատության է ենթարկել «Անուշ» Օպերան, հնչեցնելով բազում մեղադրանքներ։ «Արագածի Փերու» կեղծանունով հանդես եկող հոդվածագիրը նշել է, որ «Անուշ»-ը դա հայկական առաջին օպերան չէ, այլ չորորդն է հայկական իրականության մեջ։ Առաջին օպերան եղել է Կարամուրզայի «Շուշան» օպերան։ Նույն հոդվածագիրն այնուհետ մատնանշում է ևս մի քանիսը, օրինակ «Լեբլեբիջին» և այլն, «Անուշ» օպերան դասելով չորորդ տեղում։
Իսկ եղե՞ լ են երաժշտական քննադատություններ
Այո, նույն թվականի օգոստոսի 26-ին մեկ այլ, «Անցորդ» կեղծանունով հոդվածագիր՝ երաժշտագետ, բավականին մանրակրկիտ քննադատության է ենթարկում օպերան, իր հոդվածում նշելով, հետևյալը․
«Օգոստոսին ժողովրդական տանը կայացավ պրն․ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, եթե երաժշտական տեսանկյունից փիառ քննադատելու լինենք կտեսնենք, որ երաժշտական գրվածքը շատ թույլ է և ունի աչքի ընկնող մեծ պակասություններ, երաժշտական աշխարհում ոչ մի տեղ չկա այնպիսի օպերա, որտեղ երգեցիկ խումբը սկզբից մինչև վերջ երգի մոնոդիրական տեսակի մեջ, սա ցույց է տալիս օպերայի աղքատությունը և մելոդիայի անմշակությունը», ասված է հոդվածում։
Արմեն Տիգրանյանը իրեն ուղղված քննադատություններին կարղացե՞լ է հիմնավոր հակադարձումներ տալ
Իհարկե կարողացել է։ Նա հանդես է եկել մեծ աշխատությամբ։ Արմեն Տիգրանյանը «Արագած» թերթի հոդվածագրին ուղղված իր խոսքում նշել է, որ Կարամուրզայի «Շուշան» օպերան չէր կարող լինել առաջինը, քանի որ անավարտ գործ է, և գրված էր մասամբ։ Իսկ «Լեբլեբիջին» ըստ նրա ընդհանրապես օպերայի հետ աղերս չունի, այլ ժողովրդական ստեղծագործություն է։ Իր աշխատության մեջ Տիգրանյանը նաև նշել է, որ չէր անդրադառնա քննադատություններին եթե դրանք չլինին թիրախավորված։
Ո՞րն էր քննադատությունների պատճառը, ինչու՞ էին քննադատները հիմնականում նշում, որ այն առաջինը չէ
Այն ժամանակներում մշակութային կյանքը բավականին զարգացած է եղել, մեծ է եղել նաև մշակութային կյանքում մրցակցությունը, որի մասին խոսել է Արմեն Տիգրանյանը իր աշխատությունում։ Բնականաբար սա է դրդել իր մրցակիցներին և քննադատներին ինչ-որ ձևի ինքնաարտահայտվել։ Արմեն Տիգրանյանն իր քննադատական խոսքում նշել է, որ Հ․ Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա շատերն են փորձել օպերա բեմադրել, բայց ինձ է բախտ վիճակվել լինել առաջինը։ Հարցը առաջինը լինելու մեջ չէ, հարցը որակի մեջ է։ Ըստ Դերենիկ Մալխասյանի բոլորն էին հասկանում, որ Արմեն Տիգրանյանի բեմադրած «Անուշ» օպերան մնալու է պատմության մեջ առաջինը, դրա համար քննադատությունները առավել սուր և թիրախավորված են եղել։ Գրվել են նաև բազում այլ հոդվածներ, որոնք եղել են հիմնազուրկ, նսեմացնող, ոչ նրա համար, որ օպերան դառնա առավել լավը, այլ որ այն պատմության մեջ մնում է առաջինը։
Կարծիքներ