Օպերային թատրոնում էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են տվյալ թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով. ՀԷՑ-ի պարզաբանումը
Օպերայի շենքի հոսանքազրկման վերաբերյալ Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտարարություն է տարածել.
«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը երեկ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ս.թ. օգոստոսի 7-ին բալետային ներկայացման ժամանակ էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի պատճառով դադարեցվել է հերթական ներկայացումը։
Այս առիթով հարկ ենք համարում նշել հետևյալը՝
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ Թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ: Խնդիրը պարզելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել Թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր Թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են Թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման:
Ս.թ. օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի ընդհատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր»ընկերության աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են Թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը: «ՀԷՑ» ՓԲԸ բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստակամ է տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Թատրոնին հնարավորինս աջակցելու համար»:
Կարծիքներ