Ես ուրախ կլինեի, որ որպես բնիկ գյումրեցի մեր քաղաքապետը Արթուր Ալեքսանյանը լիներ. «Իմ քայլի» պատգամավոր
2021թ․-ին Գյումրիում ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Իշխանությունը, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ պատրաստվում է այդ ընտրություններին, սակայն թե ո՞վ է լինելու ավագանու ցուցակի առաջին համարը՝ դեռ պարզ չէ։ Մամուլում հիմնականում շրջանառվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի անունը։ NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը, որը Շիրակի նախկին մարզպետն է, ասաց, որ այս փուլում հիմնականում շրջանառվում են այն անունները, որոնք քաղաքում հայտնի են, այսինքն՝ վայելում են գյումրեցիների սերը, հարգանքը, և այդ մարդկանցից մեկը հենց Արթուր Ալեքսանյանն է։
«Քանի որ իշխանության կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չկա Արթուր Ալեքսանյանի մասով և ես շատ մոտ լինելով Արթուր Ալեքսանյանին, տեղյակ եմ, որ նա պատրաստվում է գալիք օլիմպիական խաղերին և հիմնականում իր ժամանակը տրամադրում է մարզվելուն, ակտիվ պրոցեսի մեջ է։ Հիմա մարդիկ, քաղաքական ուժեր փորձում են ոչ միայն Արթուր Ալեքսանյանի անունը շոշափել, այլ տարբեր հայտնի մարդկանց, որպեսզի հասկանան թե ինչ տրամադրվածություն կա։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այո, ես ուրախ կլինեի, որ որպես բնիկ գյումրեցի ինչու չէ մեր քաղաքապետը լիներ Արթուր Ալեքսանյանը, սա իմ անձնական կարծիքն է, որովհետև նա գյումրեցիների սերը, հարգանքը վայելում է»,- ասաց նա։
Հարցին, թե իսկ արդյո՞ք նա ունի կարողություններ, ունակություններ, որոնք պետք է ունենա քաղաքապետը և կարող է կառավարել քաղաքը, պատգամավորը դրական արձագանքեց։
«Նա մեծ կամք ունի, որը ապացուցել է իր հաջողություններով սպորտում և ես վստահ եմ, որ եթե ունենանք նման քաղաքական որոշում և Արթուր Ալեքսանյանը համաձայնի, մենք կունենանք Հայաստանի լավագույն քաղաքապետերից մեկը»։
Ճշտող հարցին, թե չի բացառում, որ քաղաքական մեծամասնությունը առաջարկի Արթուր Ալեքսանյանի թեկնածությունը, Կարեն Սարուխանյանն արաձագանքեց․
«Ես ոչինչ չեմ բացառում, բայց այն որ այս պահին Արթուրը զբաղված է սպորտով և տրամադրված է գալիք օլիմպիական խաղերին, դա փաստ է»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հավելեց, որ այլ տարբերակներ ևս քննարկվել են, բայց անուններ չնշեց։
Մանրամասները՝ news.am- ում:
Կարծիքներ