Լուիս Ալմագրոյի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Լուիս Ալմագրոյի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Լուիս Ալմագրո (Ամերիկյան երկրների կազմակերպության գլխավոր քարտուղար) - Անցած տարին լի էր դժվարություններով հայ ազգի համար։ Կորոնավիրուսային համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 2020 թվականը հիրավի մեծ վշտի տարի էր։ Ճիշտ այնպես, ինչպես ճակատագրական համարվող 1915 թվականը նշանավորվեց համաշխարհային պատմության տխրահռչակ մի դրվագի մեկնարկով, որի ընթացքում մեկուկես միլիոն անմեղ հայեր սպանդի ենթարկվեցին իրենց պատմական հայրենիքում։ Այս իրադարձությունը նաև սկիզբ դրեց հայկական սփյուռքի պատմությանը/կազմավորմանը։

Այսօր ես միանում եմ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը։ Այսօր ես միանում եմ ձեզ, այս մեթոդաբար կազմակերպված ոճրագործության ընթացքում յուրաքանչյուր կորսված կյանքի հիշատակը վառ պահելու համար և հորդորում չմոռանալ զոհերին։ Այս իրադարձությունը մեզ ամեն օր հիշեցնում է մեր իսկ ունեցած պատասխանատվության մասին՝ պաշտպանելու այն մարդկանց, որոնց իրավունքներն ու կյանքը, ինչպես նաև նրանց գոյությունը որպես ժողովուրդ սպառնալիքի տակ է։

Ընկերնե՛ր, Հայոց ցեղասպանության փաստն ահասարսուռ է, պատմականորեն անժխտելի և ճանաչված է միջազգային հանրության կողմից։ Հայ ազգի ապրած ծանր օրերը թախծաբեր են, բայց այդ ծանր օրերի ընթացքում է, որ դրվել են անկախ Հայաստանի կազմավորման նախադրյալները։ Այսպիսով, ցեղասպանությունն այն իրադարձությունն է, որ ծառայում է որպես հիշեցում հայ ժողովրդի անկոտրում բնավորության ու այս պատմությամբ և մշակույթով հարուստ հինավուրց ազգի դիմացկունության մասին, որը ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց, նույնիսկ համավարակի և հարևան երկրների կողմից ռազմական ոտնձգությունների սպառնալիքի տակ շարունակում է գոյատևել ու բարգավաճել։

Ինչպես ասել է ամերիկահայ հանրահռչակ գրող Վիլյամ Սարոյանը․ «Չնայած բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին՝ հայ ազգին ոչնչացնելն անհնար է։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որևէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում