ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները կարող են մինչև տարեվերջ հանդիպել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը սկզբունքային համաձայնության են եկել մինչև տարեվերջ վիրտուալ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:
Այս որոշումը կայացվել է Ցյուրիխում Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Յան Ցզեչիի միջև երկար բանակցություններից հետո: Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հանդիպման ձևաչափը և ամսաթիվը մշակվում են, սակայն մանրամասները դեռ համաձայնեցված չեն:
Պարբերականը հիշեցնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Պեկինը ռեկորդային թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի օդային տարածք, ինչը խիստ քննադատության է արժանացել ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենի և Բայդենի վարչակազմի այլ պաշտոնյաների կողմից:
Նախօրեին Թայվանի պաշտպանության նախարար Չիու Կու Չենը հայտարարել է, որ Թայվանի նեղուցում զինված հակամարտության վտանգն ամենաբարձրն է վերջին 40 տարվա ընթացքում:
Տարածաշրջանում ռազմական լարվածության վերջին լուրջ սրումը տեղի է ունեցել 1996 թվականին, երբ Թայվանում նախագահական ընտրությունների նախաշեմին Պեկինը ցուցադրաբար հրթիռային փորձարկումներ կատարեց, իսկ ԱՄՆ-ն տարածաշրջան ուղարկեց իր ավիակիրները:
Կարծիքներ