Ավ.Իսահակյանի անվ. գրադարանը բազմաբնույթ միջոցառումներով կտոնի Գրադարանավարի օրը

Ավ.Իսահակյանի անվ. գրադարանը բազմաբնույթ միջոցառումներով կտոնի Գրադարանավարի օրը

 Գրադարանավարի օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 7-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը տոն կնվիրի այցելուներին՝ բազմաժանր միջոցառումներ կազմակերպելով:

 Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ասաց, որ գրադարանում վաղ առավոտից մեկնարկել են միջոցառումները: «Գրադարանի ճեմասրահի մեծ էկրանին ցուցադրվում են հաստատության մասին պատմող նյութեր, միջանցքներում իրականացվում է «Նվիրում է գրադարանը» նախաձեռնությունը. սեղաններին դրված են հետաքրքիր գրքեր, և ընթերցողներն իրենց ցանկությամբ վերցնում են նախընտրած ստեղծագործությունները: Գրադարանի դահլիճում ելույթ է ունենալու Հրազդանի «Արամազդ» թատերախումբը, որը ներկայացնելու է «Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհում» բեմադրությունը»,- տեղեկացրեց Կարապետյանն ու հավելեց, որ ցուցադրվելու են շնորհալի ընթերցողների աշխատանքները:

Գրադարանավարներին գեղեցիկ ստեղծագործություններով շնորհավորելու է «Շուշիկի բենդ» երիտասարդական համույթը, իսկ գրական-երաժշտական հանդիսությանը ելույթ կունենան Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի սաները: Նախատեսվում է նաև պարգևատրման արարողություն:

Կարապետյանը տեղեկացրեց, որ գրադարանի բոլոր մասնաճյուղերում ևս տոնական միջոցառումներ են անցկացվելու:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ' 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օրը:

Տոնի առթիվ կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի տոնավաճառներ և այլ միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում