ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են համանախագահների հովանու ներքո հանդիպել հումանիտար հարցերը քննարկելու
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ քննարկելու հումանիտար մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով Նազելի Բաղդասարյանի հարցին, որն առնչվում էր Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Միրզոյանի վերջերս տեղի ունեցած հանդիպմանը:
«Իհարկե, այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի և միանշանակ բխում է ՀՀ-ի, ԼՂ-ի շահերից: Մեկ անգամ ևս փաստում ենք, որ խնդիրը լուծված չէ: Ադրբեջանը սիրում է ասել, թե խնդիրն այլևս գոյություն չունի, կարծում եմ՝ սա միջազգային հանրության կողմից ևս մի հավաստիացում է, որ խնդիրը գոյություն ունի և լուծում պահանջում է, և լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով, միջազգային ճանաչում ստացած միակ մանդատ ունեցող մարմնով»,-ասաց Միրզոյանը:
Նա կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խնդրի լուծումը՝ նշելով, որ դա ինչ-որ փուլում ենթադրում է ամենաէական հարցերի քննարկում:
«Դրական եմ համարում, որ ըմբռնում կար, որ ելնելով լարվածությունից, ելնելով բազմաթիվ չլուծված և օրեցօր ծագող զանազան հարցերի առկայությունից՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նորից հանդիպել և առաջնային քննարկման դարձնել հումանիտար հարցերը: Իհարկե, առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին, հաստատման սպասող գերիների առկայության հարցին, ԼՂ-ում հումանիտար առաքելությունների, միջազգային կազմակերպությունների հասանելիության հարցին, բազմաթիվ այսպիսի խնդիրներին: Կարծում եմ, որ այս խնդիրների դրական լուծումը առաջին հերթին Ադրբեջանի կողմից կառուցողական դիրքորոշման վկայություն կլինեն, և կստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ կարող ենք ամենակարևոր հարցերը քննարկել ժամանակի ընթացքում»,-ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյանն առաջարկեց ուշադրություն դարձնել համանախագահների տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներին: Ըստ նրա՝ ամեն ինչ դրանով ասված է:
Կարծիքներ