Միրզոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը
Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ զրուցակիցները քննարկել են ակտիվ փոխգործակցության ու համատեղ նախաձեռնությունների միջոցով ընձեռնվող հնարավորությունները, որոնց համար լավ միջավայր կարող է ստեղծել նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացումը Երևանում:
Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները. շեշտվել է տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության աներկբա հարգման կարևորությունը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է այս հարցում ՀՀ հստակ մտադրությունն ու հանձնառությունը՝ հավելելով, որ մյուս կողմից առավելապաշտական հռետորաբանությունն ու ապակառուցողական քայլերը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը:
Կարծիքներ