ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէր Ուկրաինայի հակամարտությանը. Բորել

ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէր Ուկրաինայի հակամարտությանը. Բորել

Եվրամիության երկրների պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ չէր Ուկրաինայի կարիքներին, որոնք առաջացել են Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսիական L’Obs հանդեսում հրապարակված հոդվածում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց, թե որքան հեռու էր այդ արդյունաբերությունը՝ դիմագրավելու մեր առջև ծառացած մարտահրավերներին», - գրել է նա:

Դիվանագետը նշել է, որ Ուկրաինային ԵՄ ռազմական օգնության մեծ մասը ստացվել է զենքի առկա պաշարներից, իսկ դրանց համալրումը լուրջ մարտահրավեր է ԵՄ անդամ պետությունների ռազմական արդյունաբերության համար, որի կարողությունը «կրճատվել է մինչև խաղաղ ժամանակի ցուցանիշները»։ Բորելն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունը պետք է ընթանա եվրոպական երկրների «ռազմական արդյունաբերության վերականգնմանը» զուգահեռ։

Բորելի խոսքով՝ եվրոպական երկրների ռազմարդյունաբերական համալիրի կարողությունները վերականգնվում են ոչ բավականաչափ արագ՝ չնայած 2014 թվականից ԵՄ պաշտպանական ծախսերի 40 տոկոս աճին։ ԵՄ-ն, Բորելի կարծիքով, պետք է ակտիվացնի ջանքերը, որպեսզի «շահի»  Ռուսաստանի հետ «սպառազինությունների մրցավազքը»։

Ինչպես նշել է Ժոզեպ Բորելը, ԵՄ պետությունները ՌԴ ռազմական գործողությունների սկզբից ի վեր աննախադեպ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային։ Եվրամիությունը, նրա տվյալներով, Կիևին մատակարարել է մոտ 30 միլիարդ եվրո գումարի զենք ու զինամթերք և վերապատրաստել է գրեթե 40 000 ուկրաինացի զինվորների:

Բորելը հավելել է, որ Ուկրաինային հարկավոր է տրամադրել «անհրաժեշտ բոլոր միջոցները, այդ թվում՝ հեռահար հրթիռներ և այլ առաջադեմ զենքերի համակարգեր՝ իր տարածքն ազատագրելու համար»։

«Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի ագրեսիայի դեմ Եվրոպայի անվտանգության լավագույն երաշխիքն է», - գրել է Բորելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում