ՀՀ-ն նախապատրաստում է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ առնելու հայտ

ՀՀ-ն նախապատրաստում է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ առնելու հայտ

Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։ Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայտը պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտադիմումը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստում:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ քննարկումներից հետո «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտադիմումը պատրաստել և ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ։ Հայտադիմումն անցել է Կոնվենցիայի տարբեր մակարդակներով, հաստատվել քարտուղարության կողմից, որից հետո ներառվել է Կոմիտեի դեկտեմբերյան նիստի օրակարգում։ Կոմիտեի եզրափակիչ նիստին հայտադիմումը ներկայացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է 55 հազար ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» հովանու ներքո առնելու հայտը։ Ծրագրի տևողությունը 15 ամիս է։

«Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը 1995 թ․ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հաստատված դրամաշնորհը միաժամանակ կստեղծի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ հուշարձանախումբը հիմնական ցանկ տանելու ուղղությամբ, որը ևս առաջիկա ծրագրերում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ 2023 թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի և 1999 թ. 2-րդ արձանագրության կոմիտեի նիստը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կոմիտեի անդամ է ընտրվել 4 տարի ժամկետով:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության խնդրին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում