Ճակատագրական ռազմավարական որոշում է․ որ երկրների հետ է Հայաստանը քննարկում միջուկային ռեակտոր ունենալու հարցը
Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ՝ ենթադրվում է 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն՝ 2036թ և 2046թ․։ Այդ ընթացքում կառավարությունը պետք է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որոշումներ կայացնի: Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ:
Եվ դա բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք: Դա ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է: Եվ որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ շահերին»,- ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի շուկան լավ ու ճշգրիտ ուսումնասիրելու խնդիր կա: Հիմա Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենաէժանն է:
«Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները 70 տարվա պաշարներ են: Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք կա, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ: Այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և հետգնման հնարավորությունների հարց կա: Խնդիրը հետևյալն է՝ գինն ինչ է արժենալու։ Կառուցվելիք ատոմակայանի տակ պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի, որ ներդրված գումարը վերադառնա: Կան գործընկերներ, որ շտապեցնում են Հայաստանին որոշում կայացնելու հարցում: Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նրբությունները հասկանանք: Ենթադրենք՝ մենք 4, 5, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք և ուրանի գինը 4 անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ։
Ենթադրենք, միջուկային վառելիքի գինը կարող է սկսել աճել, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական արդյունավետության վրա»,- ասաց վարչապետը։


Կարծիքներ