Լեհաստանի վարչապետն առաջարկել է ֆինանսավորել միգրանտների վերադարձը հայրենիք
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է միգրանտներին Վարշավայի դիրքորոշումը փոխանցելու և նրանց հայրենիք վերադառնալու համոզման անհրաժեշտության մասին։ Դրա համար լեհական կողմը պատրաստ է ֆինանսավորել թռիչքները Բելառուսից դեպի միգրանտների հայրենիք, նոյեմբերի 18-ին հաղորդել է TVP Info հեռուստաալիքը։
«Կարծում եմ, որ մենք պետք է, շնորհիվ մեր համերաշխության և սահմանների պաշտպանության վճռական քաղաքականության, հասնենք միգրանտների վերադարձին: Մենք կարող ենք օգնել նրանց այս հարցում և ֆինանսավորել թռիչքները Բելառուսից, Մինսկից Բաղդադ, Էրբիլ, Ստամբուլ կամ այլուր: Բայց մենք, իհարկե, չենք փոխի մեր դիրքորոշումը արհեստականորեն առաջացած միգրացիոն շարժման վերաբերյալ։ Մենք պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը և դա անելու ենք շատ վճռական»,- ասել է վարչապետը։
Մորավիեցկին նոյեմբերի 18-ին դեմ է արտահայտվել Բելառուսում կուտակված միգրանտների համար մարդասիրական միջանցքի ստեղծմանը։ Նա ընդգծել է, որ ոչ մի համաձայնագիր, որը կարող է վերաբերել Լեհաստանին և այս ամբողջ իրավիճակին, չի կարող քննարկվել առանց լեհական կողմի մասնակցության։
Նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Մատեուշ Մորավիեցկիի հետ։ Նա «լիակատար համերաշխություն» է հայտնել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարում Վարշավայի դիրքորոշման հետ։
Նոյեմբերի 17-ին Լեհաստանի վարչապետն ասել է, որ Լեհաստանը պահպանում է ողջ Եվրամիության սահմանները, և ԵՄ ճակատագիրը կախված է նրա տոկունությունից՝ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից միլիոնավոր միգրանտների վտանգի դիմաց։
Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ճգնաժամը կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին՝ միգրանտների հոսքի ավելացման պատճառով։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել է Լեհաստանի սահման։ Ոմանք փորձել են ճեղքել ցանկապատերը, մյուսները անտառներում ճամբարներ են կազմել կամ մնացել սահմանամերձ գոտում։
Կարծիքներ