Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ
Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
Այն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում:
Թեմաների ֆինանսավորման մեկնարկն ակնկալվում է 2024 թ. օգոստոսից:
Հիշեցնենք, որ գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մրցույթն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:
ՀՀ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ առաջին անգամ կազմակերպել է 2020 թվականին. ֆինանսավորման էր երաշխավորվել 15 նախագիծ: 2024 թ.-ին ֆինանսավորման երաշխավորված նախագծերի թիվը կրկնապատկվել է:
Որպես խմբի ղեկավար մրցույթին կարող էին դիմել կանայք, որոնք ունեն գիտական աստիճան, գիտական կազմակերպությունում կամ բուհում չեն զբաղեցնում ղեկավար պաշտոն (գիտական խմբի, լաբորատորիայի (բաժնի) կամ ամբիոնի վարիչ և այլ ավելի բարձր պաշտոններ), ինչպես նաև ունեն մրցույթի պայմաններով սահմանված բավարար թվով հրապարակումներ:
Մրցույթին, ըստ պայմանների, ներկայացվել են ՀՀ պետական գիտական կազմակերպություններում կամ բուհերում իրականացվող 36 ամիս տևողությամբ հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից և իրագործելի նախագծեր՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։
Կարծիքներ