Սա ժամանակավոր կանգ է նոր թռիչքի համար․ Լիլիթ Թովմասյան
2020-ի ընթացքում Գյումրիում մշակութային ի՞նչ ծրագրեր էին նախատեսված։ Համավարակի ընթացքում այդ ծրագրերից քանի՞սը իրականացվեցին, քանի՞սը անկատար մնացին ։
Այս և այլ հարցերի շուրջ Freenews-ը զրուցել է Գյումրու համայնքապետարանի մշակույթի եվ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի հետ։
-Լիլիթ, կորոնավիրուսը դադար մտցրեց մշակութային կյանքում: Ի՞նչ փոխեց համավարակը այս ոլորտում
-Ես մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս իրադրության մեջ ամենաշատը տուժում է մշակութային կյանքը, բայց այս ամենի ավարտից հետո հենց մշակույթն է փրկօղակ դառնալու բոլորիս համար։ Դժվար ժամականակներ են ու հենց այդպիսի ժամանակներում են կուտակվում ստեղծագործական լիցքեր: Ես լիահույս եմ, որ Գյումրու մշակութային կյանքում ևս սա ժամանակավոր կանգ է՝ նոր թռիչքի համար․․․
-Ի՞նչ էր ծրագրված 2020-ի համար, որ հնարավոր չեղավ իրականցնել
-Մենք 2019-ին սկիզբ էինք դրել մի շարք նոր նախաձեռնությունների, մշակութային ձեռնարկների և փառատոների, որոնց շարունակությունը, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի ծնունդը պիտի լիներ 2020-ին։ Ըստ էության, մասշտաբային կամ մարդաշատություն ենթադրող որևէ նախաձեռնություն կյանքի կոչել չտացվեց։ Ես ամենաշատն ափսոսում եմ Գյումրու այցեքարտ դարձած կամ դառնալու շանսեր ունեցող փառատոների համար, որոնց առցանց անցկացումը ոչ միշտ էր հնարավոր: Մենք նպատակահարմար չգտանք ու ստիպված հետաձգվեցին անորոշ ժամանակով, մի մասի դեպքում՝ մինչև հաջորդ տարի։ Բայց միշտ կրկնում եմ՝ հանգամանքները կամքի դեմ ոչինչ են եւ ստեղծված իրավիճակն ընդամենը օրացուցային փոփոխություններ է մտցրել մեր գաղափարական ծրագրերի մեջ ու ամեն ինչ դեռ առջևում է։
-Այսօր Գյումրիում ի՞նչ ծրագրեր կան և ի՞նչ եք պլանավորում առաջիկայում
-Աշխատանքն, իրականում, կանգ չի առել։ Երևի նույնիսկ ճիշտ հակառակը․ սա արվածն ամփոփելու, նոր նախագծերի համար ամուր հիմքեր նախապատրաստելու, ապագայի մարտահրավերները հաշվի առնելով աշխատանքային ուղղությունների փոփոխության և ինքնակազմակերպման լավագույն շրջանն է։ Հարաբերական այս դադարը գուցե նույնիսկ պետք էր՝ հասկանալու համար՝ ինչ ուղղությամբ քայլել հետագայում մշակութային լայն աշխարհում։ Շատ մոտ ապագայում առիթ կունենանք մի քանի նոր ձեռնարկների մասին ուրախությամբ ազդարարելու, բայց թույլ տվեք դա անել աշխատանքների ավարտից հետո։
-Մշակութային կյանքը կորոնավիրուսից առաջ և հետո․ ըստ Ձեզ փոփոխություններ կլինե՞ն
-Ամենուր կարդում ենք, որ առհասարակ կյանքը կորոնավիրուսից հետո այլևս նույնը չի լինելու։ Բայց անկախ կորոնավիրուսից, մշակութային կյանքը «պարտավոր է» փոփոխվել։ Առանց դրա հնարավոր չէ ստեղծել հետաքրքրություն ներկայացնող կոնտենտ, լինել պահանջված ու փնտրված։ Սա դինամիկ ոլորտ է ու խիստ զգայուն դաշտ․ անհնար է, որ ժամանակի տրամադրությունները չներթափանցեն ստեղծագործող մարդու ներաշխարհ։
Կարծիքներ