«Ոչ ոքի չի թույլատրվում ոտքերով հարվածել իրավապահներին». Լուկաշենկոն` Մինսկում փողոցային ակցիաների մասին (լուսանկարներ)
Իրավապահների վրա հարձակման փորձերը պետք է անհապաղ կանխվեն: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` երկրի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի 3214 զորամաս կատարած այցելության ժամանակ, գրում է belta.by կայքը:
Ալեքսանդր Լուկաշենկոն, ողջունելով զինծառայողներին, նշել է, որ Մինսկում անցկացված փողոցային ակցիաներից մեկի կադրերն է տեսել, որում երևում է, թե ինչպես են մարդիկ հարձակվում ոստիկանության վրա, իսկ նրանցից ոմանք հարվածում են ոստիկաններին ոտքերով:
«Այ դա դուք պետք է թույլ չտաք: Ոստիկանները պետք է հասկանան, որ իրենք իրենց տանն են գտնվում, և ոչ ոքի չի թույլատրվում ոտքով հարվածել իրենց: Ոչ մի դեպքում սադրանքի չգնալ, բայց ծառայողներին էլ չնեղացնել: Թե չէ արդեն շուտով կսկսենք դայակություն անել, ինչպես մանկապարտեզում»,-ասել է Լուկաշենկոն` դիմելով ՕՄՕՆ-ի հրամանատար Դմիտրի Բալաբային:
Այցի ժամանակ Բելառուսի նախագահը ծանոթացել է նաև զորամասում առկա տեխնիկային և զորամասի տարածքում նոր կառուցված հանրակացարանի պայմաններին:
Կարծիքներ