Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ:
Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ և ամբողջական լուծումն է
Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է Ազգային ժողովում նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո այնտեղ կատարված խմբագրումներին: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները 4 հիմնական ուղղությամբ են իրականացվում` հանրակրթության բովանդակություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում` աշխատավարձի հետ փոխկապակցված, համընդհանուր ներառականություն, կառավարման արդյունավետության բարձրացում: Նկատելով, որ հանդիպման նպատակը լրամշակված տարբերակի վերաբերյալ հանրային կառույցների ներկայացուցիչների կարծիքներն ու դիտողությունները լսելն է, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առանցքային հարցը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների հնարավորինս արդյունավետ և ամբողջական լուծումն է:
«Փոփոխությունները պահանջելու են երկար ժամանակ, քանի որ դրանց իրագործման արդյունավետությունը կախված է նաև զուգահեռաբար մշակվող ենթաօրենսդրական ակտերով ներդրվող մեխանիզմներից: Համոզված ենք, որ եթե լինի ընդհանուր ընկալում առ այն, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, ապա գործիքակազմերի և մեխանիզմների մշակումը կդառնա զուտ աշխատանքային գործընթաց, որը կարող է անընդհատ կատարելագործվել»,- նշել է փոխնախարարը:
Հանրակրթության բովանդակային փոփոխություն
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծում հանրակրթության բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ Տավուշի մարզում 2021 թվականի սեպտեմբերից փորձարկվող նոր չափորոշչի տրամաբանությունից: Օրենքի նոր նախագծում վերանայվել են չափորոշչի սահմանումը, դրա բաղադրիչն ու կառուցվածքի նկարագրերը: Անդրադարձ է արված նաև գնահատման համակարգի փոփոխությանը` նախատեսելով գնահատման կարգին առնչվող նոր լիազորող նորմեր:
Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանն առնչվող դրույթներում մի շարք կարևոր խմբագրումներ են արվել: Փոխվել է տարակարգի սահմանումը ` այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափանիշների հետ: Առաջարկվում է փոխել տարակարգի և ատեստավորման գործող մեխանիզմները: Դպրոցից դպրոց տեղափոխվելու դեպքում ուսուցիչը կկարողանա պահպանել տարակարգի իրավունքը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով, ըստ լրամշակված նախագծի` որակավորման տարակարգի դիմելու իրավունք կունենան միայն այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում և հավաքել անցողիկ միավորներ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ, որի դրույքաչափը գործող 108800 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել մոտ 200000 ՀՀ դրամ: Տարակարգի հավելավճարը կհաշվարկվի այս դրույքաչափի նկատմամբ:
«Կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է: Եթե կա վստահություն, որ ուսուցիչն ունի բավարար մասնագիտական գիտելիքներ, որը նվազագույն պայման է, ապա դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մանկավարժական այլ հմտությունների մասին: Հետևաբար, տրամաբանական ենք համարում, որ տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչն անցնի նաև կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ տարակարգի և կամավոր ատեստավորման նախատեսվող մեխանիզմներն ուսուցչին մինչև 400000 դրամ աշխատավարձ ստանալու հնարավորություն կընձեռեն:
Հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների
Համընդհանուր ներառականության ուղղությամբ կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ կրթության առանձնահատուկ կարիք է դիտարկվել ոչ միայն սահմանափակ կարողություններ և դժվարություններ ունեցողների, այլև բարձր ընդունակությամբ երեխաների կրթության կազմակերպումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` ներկայում գործող էքստեռնի կարգը հնարավորություն է տալիս բարձր ընդունակությամբ երեխաների ուսուցումը կազմակերպելու թռիչքային եղանակով, սակայն իրավական գործիքակազմի հստակեցումների անհրաժեշտություն կար: Օրենքի նախագծից հանվել է «հակասոցիալական վարք» հասկացությունը, փոխարենը ներմուծվել է նոր գաղափար, ըստ որի՝ դեռևս պահպանվող հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների: Կփոխվի նաև ֆինանսավորման մոդելը. յուրաքանչյուր դպրոց փոփոխված հաստիքացուցակով կստանա համապատասխան կադրային ներուժ` մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև կապահովվի միջավայրի հարմարեցում:
Հստակեցվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները
Հանրակրթության կառավարմանն առնչվող փոփոխությունների վերաբերյալ դրույթները, ինչպես քննարկման ընթացքում նշել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, առաջին ընթերցումից հետո էականորեն խմբագրվել են: Առաջին հերթին հստակեցվել և մանրամասն թվարկվել են դպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները: Ամրագրվել է նաև, որ դպրոցների խորհուրդները խոշորացվելու են: Նախատեսվում է, որ կենտրոնացված վարչատնտեսական համակարգումը կիրականացվի այն հաստատությունների համար, որտեղ կգործեն խոշորացված խորհուրդներ:
Խորհուրդների խոշորացման գործընթացի հիմքում դրվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, ըստ որի՝ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերի համար նախատեսվում է խորհուրդների խոշորացում:
Քննարկման մասնակիցներից «Մասնակցային դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչներ Վահրամ Սողոմոնյանն ու Սերոբ Խաչատրյանը, կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը, ինչպես նաև մյուս ներկաներն իրենց նկատառումներն ու մտահոգություններն են ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ: Առաջարկվել է կառավարման խորհուրդների անդամների համար սահմանել ինչպես պարտականություններ, այնպես էլ իրավունքներ: Առաջարկներ են արվել նաև դպրոցների վարչատնտեսական համակարգման, տնօրենի աշխատանքի արդյունավետության գնահատման և այլ հարցերի վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ հունվարի 25-ին Ազգային ժողովում նախատեսված են «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լսումները, որոնց հանրային կառույցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել:
Կարծիքներ