Բերման են ենթարկվել փեսան ու աներորդին. նրանք օրեր առաջ զինված՝ Երևանում «չեյնջից» հափշտակել էին 50 մլն դրամ
Այսօր՝ մարտի 12-ին, ոստիկանները Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում Զովունի գյուղում գտնվող գազալցակայաններից մեկում վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջիններս կասկածվում են փետրվարի 22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով:
Նրանցից մեկը եղել է կատարող, մյուսը՝ օժանդակող և նրանք փեսա ու աներորդի են: Այսօր քննիչի որոշմամբ կասկածյալները տեղափոխվել են դեպքի վայր, որտեղ կատարողը մատնացույց է արել, թե ինչպես և ինչ պայմաններում է հափշտակել գումարը: Քննիչի որոշմամբ Արմեն Հ.-ն և Էդգար Ս.-ն ձերբակալվել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ