Ու՞մ հաղթանակն է Հայաստանին ձեռնտու․ վաղն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են
Վաղը՝ նոյեմբերի 3-ին, ԱՄՆ-ում կկայանան նախագահական ընտրությունները։ Նախագահի երկու հիմնական թեկնածուներն են՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից և Ջոզեֆ Բայդենը` Դեմոկրատական կուսակցության կողմից։ Թեմայի վերաբերյալ Freenews.am-ը զրուցել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Սահակյանի հետ․
Պրն․ Սահակյան, վաղվա կայանալիք ընտրությունների ընթացքում ԱՄՆ հայ համայնքը որևէ նախաձեռնությամբ հանդես գալու՞ է․
-Մինչ ընտրությունները՝ հնարավորինս ամեն բան արեցինք, որպեսզի ազդենք թեկնածուների վրա և ստիպենք իրենց խոսել հայ-ադրբեջանական պատերազմի մասին։ Ինչ-որ բան հաջողվեց, որոշ բաներ չհաջողվեցին։ Շարունակելու ենք մեր ակցիաները, զենքերը վայր չենք դնում։ Մենք շարունակում ենք պայքարը՝ լինեն քաղաքական ճնշումներ, երթեր, ցույցեր, դրամահավաքներ։
Նախնական տվյալներով, ըստ Ձեզ՝ ո՞վ կընտրվի ԱՄՆ նախագահ․
-Դժվար է ասել, եթե դատենք հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, Բայդենն առաջատարն Է, բայց ես և բնակչության մեծ մասը չենք հավատում այդ ուսումնասիրությանը։ 2016 թվականին կանխատեսվում էր Հիլարի Քլինթոնի հաղթանակը, բայց ընտրությունների արդյունքում հաղթեց Թրամփը։ Ասեմ, որ այս պահին էնտուզիազմը Թրամփի աջակիցների մոտ շատ բարձր է, քան՝ 2016 թվականին էր, իսկ Բայդենի աջակիցների մոտ, առհասարակ, էնտուզիազմը բացակայում է։ Իհարկե, այստեղ կա մի հանգամանք ևս, որը շատ է օգնում Բայդենին, դա քովիդն է։ Մենք գիտենք՝ դեմոկրատները տոտալ «լոք-դաուն»-ի կողմնակից են, նրանք ուզում են՝ փակվեն բոլոր հաստատությունները։ Սովորաբար դեմոկրատներին ձայն են տալիս էմիգրանտները, որոնք բացարձակ անգլերեն չգիտեն և առիթից օգտվելով՝ դեմոկրատ ակտիվիստները նրանց օգնում են քվեաթերթիկ լրացնել։
Ո՞ր դեպքում հայերի համար ավելի լավ կլինի․
-Չեմ կարող հստակ ասել, բայց մեր հայերն ավելի դեմոկրատ են։ Հիմա քարոզչություն են տանում ասելով՝ եթե Բայդենն ընտրվեց Արցախի հարցը շեշտակի կփոխվի, բայց դա մեծ կեղծիք է և մանիպուլացիա։ Ենթադրենք՝ Բայդենը ընտրվեց, հունվարի 10-ին նոր նա երդվելու է, մինչ այդ երկրի նախագահը լինելու է Դոնալդ Թրամփը։ Լավագույն դեպքում մեկ տարի հետո Բայդենը նոր կարող է անդրադառնալ Արցախի խնդրին, իսկ մեկ տարվա ընթացքում Աստված չանի, բայց կարող է Հայաստան չլինել։ Ասեմ ավելին՝ այստեղ խոսակցություն կա, որ Բայդենի ընտրվելը շատ պայմանական է լինելու, քանի որ նրա տեղը ղեկավարելու է փոխնախագահ Քամալա Հարիսը, որի ամուսինն աշխատում է թուրքական լոբբիստական կազմակերպությունում։ Քամալա Հարիսի և Բայդենի հայամետ խոսքերից բացի պետք է հիշել, որ նրանք ասում են՝ ազատգրված տարածքները պետք է հանձնել Ադրբեջանին։ Էնպես որ, ես կոչ կանեի դեմոկրատներին չխաբել մարդկանց։ Ես ավելի շատ խորհուրդ կտայի, որ մեր հայկական լոբիսստները աշխատեն Թրամփի ադմինիստրացիայի հետ, եթե անգամ նա չընտրվի, մինչև հունվար նա է լինելու նախագահը։ Ասեմ ավելին՝ մեծ բաց է, որ հայկական ոչ մի լոբբիստական ընկերություն չի կարողացել աշխատել Թրամփի ադմինիստրացիայի հետ։ Այն արդյունքները, որոնք մենք այսօր չենք տեսնում, դա բաց թողման պատճառով է։ Իմ կարծիքով Դոնալդ Թրամփը հաղթելու է, և հաղթելու է հետաքրքիր առավելությամբ։
Հավանական համարու՞մ եք , որ ԱՄՆ-ն երբևէ Արցախն անկախ կճանաչի․
-Այո՛, հավանական համարում եմ։ Օրինա՛կ, Թրամփն ասում է, որ հայերին շատ է սիրում։ Թուրքիան ԱՄՆ-ի համար մի շարք խնդիրներ է առաջացնում և Արցախի անկախ ճանաչումը կարող է Թուրքիային պատժող և զսպող գործոն լինել։
Կարծիքներ