Մենք պատրաստ ենք գործնական շփումներ սկսել, բայց դա կանենք, երբ Ղարաբաղը լքի ՌԴ քաղաքացի «քրեաօլիգարխ» Վարդանյանը. Ալիև

Մենք պատրաստ ենք գործնական շփումներ սկսել, բայց դա կանենք, երբ Ղարաբաղը լքի ՌԴ քաղաքացի «քրեաօլիգարխ» Վարդանյանը. Ալիև

«Ինչպես մեզ պարզ դարձավ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մեր գործընկերների հետ մեր զրույցների ընթացքում, և ինչպես հասկացա վարչապետ Փաշինյանի հետ այսօր կայացած եռակողմ հանդիպումից, որը հյուրընկալել էր պետքարտուղար Բլինկենը, մենք ընդհանուր ըմբռնում ունենք, որ իրավիճակին երկվեկտոր մոտեցում է անհրաժեշտ:

Նախ, սա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վեկտորն է։ Երկրորդ, դա Ադրբեջանի և Ղարաբաղի հայ բնակչության կապն է»։

Այս մասին Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը երեկ Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միջազգային հարթակից օգտվելով հայտարարելով, թե ի գիտություն բոլորի՝  «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այլևս չի գործում։

«Դա իրականում ռուսական արտահայտություն է: «Նագորնո» նշանակում է «լեռնային»։ Իսկ Ադրբեջանում չկա այնպիսի վարչական միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է։ Ուստի, իհարկե, ես կցանկանայի խնդրել մեր գործընկերներին հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության և Սահմանադրության նկատմամբ։ Կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը, որտեղ հայ բնակչություն կա։ Այսպիսով, այս երկվեկտոր լուծումը փաստացի տարանջատում է Հայաստանի հետ մեր բանակցությունները մեր ներքին խնդիրներից, օրինակ՝ Ղարաբաղի հայերի հետ շփումից։ Մեր միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկվելու են Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքներն ու երաշխիքները։ Մենք պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Ալիևն ու հավելել,որ իր ասածն ուժ ունի միայն ՂԱրաբաղի հայ համայնքի այն ներկայացուցիչների համար, ովքեր ապրել են, ծնվել ու ողջ կյանքն անցկացրել Ղարաբաղում։

«Չենք բանակցի այն մարդու հետ (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-ԽՄԲ.), ում Ռուսաստանից արտահանեցին՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար։ Միգուցե «արտահանվածը» ճիշտ բառը չէ։ Ես երևի կնախընտրեի «մաքսանենգ ճանապարհով» արտահայտությունը։ Որովհետև ոչ ոք չգիտի, թե նա ինչպես է հայտնվել Ղարաբաղում, ինչպես է փորձում ու հասնում Երևան, այնտեղից էլ թռչում Մոսկվա, հետո նորից Երևան և նորից Ղարաբաղ։ Միայն այս փաստը վկայում է, որ շրջափակում չկա։

Շրջափակման բացակայության մասին վկայող երկրորդ փաստն այն է, որ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, երբ մեր քաղաքացիական ակտիվիստները գտնվում են անցակետում, այնտեղ է անցել 2500 մեքենա, այդ թվում՝ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների մեքենաներ։ Կարմիր խաչի կողմից Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մոտ 100 հիվանդ։ Այսպիսով, ինչպե՞ս կարելի է դա անվանել շրջափակում, եթե ճանապարհը բաց է: Եթե Ղարաբաղի հայերը փորձեն օգտվել այս ճանապարհից, վստահ եմ, որ նրանց ոչ ոք չի կանգնեցնի։ Ուստի կարևոր է հասկանալ ներկա իրավիճակը»,- հավելել է Ալւևը։

Նա նաև հայտարարել է,թե շուրջ 30 տարի իրենց հողերը իբր գտնվում էին «հայկական օկուպացիայի տակ»։ Ըստ նրա բարձրագոչ հայտարարությունների՝  «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, խախտել է միջազգային իրավունքը և 27 տարի շարունակ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։ Եվ նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել»։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը միշտ խնդրել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ պատերազմից խուսափելու համար, բայց քանի որ արդյունքներ չեն եղել Մինսկի խմբից,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդից և ըստ իր խոսքերի՝ «առաջընթաց չի եղել», Ադրբեջանը «ստիպվածէ եղել կռվել»։

Ալիև նաև կեղծ պնդումներ է արել հանդիպման ժամանակ՝ նշելով, թե իբր իրենց վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքւ Լիբանանի տարածքին հավասար ամբողջովին ավերակ է, իբր 67 մզկիթ է եղել Ղարաբաղում, որից «Հայաստանը 65-ը քանդել, պղծել է», ուստի ստիպված են եղել վռնդել հայերին ։

Վերջում Ալիևը, շարունակելով կեղծ հայտարարությունների շարանը, նշել է,թե Ղարաբաղի հայերը «Ադրբեջանի քաղաքացիներ են և կազմում են փոքրամասնություն», ըստ նրա՝ Ադրբեջանում բոլոր փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ և արտոնություններ, այդ թվում՝ մշակութայինև անվտանգային:

«Մենք պատրաստ ենք գործնական շփումներ սկսել Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր ես այս մասին հայտնել եմ իմ հայ գործընկերոջը՝ պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ։ Բայց սա կկարողանանք սկսել միայն այն ժամանակ, երբ մեր տարածքը լքի ՌԴ քաղաքացին, քրեաօլիգարխը, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող մարդը՝ Ռուբեն Վարդանյանը»,- եզրափակել է Ալիևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում