Կոտայքում խոշորամասշտաբ ծրագրեր են իրականացվում
Շարունակվում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պարբերական այցերը մարզի համայնքներ՝ բնակավայրերում իրականացվող և մեկնարկող ու նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքների ընթացքին ու առկա խնդիրներին տեղում ծանոթանալու, համայնքների ղեկավարների հետ անմիջական շփման արդյունքում դրանց լուծումներ գտնելու նպատակով։ Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ նախօրեին հերթական աշխատանքային այցի շրջանակներում մարզպետը խորհրդականի՝ Ա․ Բարսեղյանի հետ եղավ Նաիրիի տարածաշրջանի Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում, որտեղ 2019 թվականի սուբվենցիաներով իրականացվել է 3, իսկ այս տարի արդեն իրականացվելու է 5 ծրագիր։
Եղվարդի տարածաշրջանը մարզում բացառիկ է իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր բյուջեով. այս խոշորացված համայնքում 2020թ․ սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր բյուջեն հատել է 1մլրդ ՀՀ դրամի շեմը։
Այսպիսով, 2019թ․ սուբվենցիոն ծրագրերով Եղվարդ խոշորացված համայնքում իրականացվել են և դեռ ընթացքի մեջ են՝
Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր մանկապարտեզի կապիտալ վերանորոգում եւ ամբողջական կահավորում (10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար),
Զորավան բնակավայրի երկհարկ մանկապարտեզի կապիտալ հիմնանորոգում եւ ամբողջական կահավորում (3 խմբերի՝ շուրջ 100 փոքրիկների համար),
Զովունի բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում (ավարտված է)։
2020 թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերով իրականացվելու են՝
Եղվարդ քաղաքում մոտ 1հա հանրային հանգստյան գոտու կառուցում,
Եղվարդ քաղաքի մի շարք կենտրոնական փողոցների ասֆալտապատում,
Զովունի բնակավայրի կոյուղագծի կառուցում,
Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհի (մոտ 1.5կմ) կապիտալ ասֆալտապատում,
Արագյուղի մշակույթի տան կապիտալ հիմնանորոգում եւ բակային տարածքի բարեկարգում։
ՏԿԵՆ Տարածքային Զարգացման Հիմնադրամի և համայնքի համաֆինանսավորմամբ այս պահին ընթացքի մեջ են նաև Սարալանջ բնակավայրի խմելու ջրի ներցանցային համակարգի վերանորոգման և խողովակաշարի փոխարինման աշխատանքները (ավելի քան 1կմ)։
Այցի ընթացքում մարզպետը շփվեց բնակավայրերի բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, համայնքի ղեկավարի հետ քննարկեցին նոր սուբվենցիոն ծրագրերի միջոցով հաջորդիվ լուծման ենթական հիմնախնդիրները, չքնաղ ու հարուստ բնությամբ Եղվարդ համայնք նոր ներդրումներ ներգրավելու հեռանկարներ ու իհարկե համաճարակային իրավիճակի հետ կապված՝ այսրոպեական լուծման ենթակա ամենատարբեր հարցեր։
Այցի մանրամասների ու բնակավայրերում իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերի մասին ավելի հանգամանալից՝ առաջիկա հրապարակումներում։
Կարծիքներ