Երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումները նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում՝ 73 բնակավայրերում և Երևան քաղաքում:

Միջոցառումների ցանկը կազմվել և հաստատվել է՝ հաշվի առնելով երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքները:  Հարցումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Երիտասարդության օրվան ընդառաջ անցկացված առցանց հարցման նպատակն էր կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար: Դա հնարավորություն էր՝ հանդես գալու սեփական գաղափարներով, ինչպես նաև մասնակցելու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին կամ անձամբ կազմակերպելու որևէ միջոցառում։

Այսպիսով, 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում օգոստոսի 12-ին նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, տեսանյութեր /ռիլեր/ պատրաստելու մրցույթ, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողության հասած երիտասարդների մասնակցությամբ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, քվեսթ, թվային տեխնոլոգիաների կանգառ, երիտասարդական ծրագրերի տեղեկատվական տաղավար և այլն: Օրը կամփոփվի համերգային ծրագրով: 

Միջոցառումները կշարունակվեն նաև օգոստոսի 13-ին՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի քննարկմամբ, որին կմասնակցեն երիտասարդները:

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գավառի համայնքապետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության, ինչպես նաև «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի երիտասարդների տան, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի, «Բայազետ» կենտրոնի, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Միջոցառումները կազմակերպվել են պետական և համայնքային կառույցների, Երևանի քաղաքապետարանի և երիտասարդական կազմակերպությունների կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում