Բանկերի միության գործադիր տնօրենը ներկայացրեց պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը
![Բանկերի միության գործադիր տնօրենը ներկայացրեց պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը](https://freenews.am/uploads/images/image_750x_61dd504d1d726.jpg)
Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ անհատական մակարդակում շատ են ստանում դժգոհություններ, որոնք ստանում են անձնավորված լուծումներ: «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք համակարգային լուծում փնտրենք, որը չի լինի այնպիսի լուծում, որից կտուժեն մասնավոր բանկերը և միաժամանակ նաև կորուստներ ունեցած ընտանիքներին օգտակար լինենք»,-ասաց պատգամավորը:
Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ֆինանսական կառույցների կողմից հուլիսի 30-ի դրությամբ 17 հազար 100 անձանց շուրջ 2.8 մլրդ դրամի վարկային պարտավորություններ են ներվել: «Զոհված և անհետ կորած անձանց պարտավորությունների ներում է իրականացվել՝ 2400 անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով: Զոհված և անհետ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ, պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ: Բոլորը միասին շուրջ 2.8 մլրդ դրամ: Դրա 2 մլրդ 252 միլիոնը բանկերի կողմից է ներվել, 557 մլն դրամը՝ վարկային կազմակերպությունների կողմից»,-ասաց Սարգսյանը:
Վարկային պարտավորությունների ներման գործողությունները ֆինանսական կառույցները իրականացրել են իրենց միջոցների հաշվին: Պետությունն էլ, սակայն, իր մասնակցությունն ունեցել է. ՀՀ ազգային ժողովը դեռ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով հնարավորություն է ստեղծվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:
Սակայն, թե զոհվածներից քանիսն են վարկեր ունեցել, ինչ չափով խնդիր կա, պարզ չէ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմում, ասաց. «Այնքան տարօրինակ էր ինձ համար, երբ մեր տան անդամներից մեկը բանկերից մեկում ուներ սպառողական վարկ, երբ գնացինք, որ վարկը մուծենք, ասացին, որ մեզ կորոնավիրուսային համակարգի զեղչման համակարգի մեջ կներառեն: Գիտե՞ք այնքան վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա ինչ-որ որոշում, և նրան ընդգրկում են կորոնավիրուսային ինչ-որ ծրագրի մեջ»: Նազարյանը պետության ակտիվ մասնակցության կարիքն է տեսնում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանն էլ հիշեցրեց, որ Արցախի կառավարությունը 2021 թվականի մարտին ընդունել է որոշում՝ վարկային պարտավորությունների փոխհատուցման վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ տեղահանվածների և զոհված անձանց ընտանիքների անդամների գյուղատնտեսական և հիփոթեքային վարկերը մարվելու են ամբողջությամբ առանց սահմանափակումների: Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ այս պահի դրությամբ չի ստացվել որևէ դժգոհություն, որ Արցախում կա որևէ հիփոթեքային կամ գյուղատնտեսական վարկ, որ կառավարությունը չի մարել:
Արսեն Մանուկյանը տեղեկացրեց նաև. «2020 թվականի նոյեմբերից սկսած մինչև 2021 թվականի դեկտեմբեր շուրջ 130 մլրդ դրամի ծրագրեր են իրականցվել, որոնք միտված են եղել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնմանը: Դրանք 20-ից ավելի տարաբնույթ միջոցառումներ են: Հիմնական մասը միտված է եղել աջակցելու Արցախի մեր տեղահանված հայրենակիցներին և ոչ միայն: Դրանք բոլորը կառավարության որոշումներով հաստատված միջոցառումներ են՝ իրենց բյուջետային հատկացումներով»:
Մանուկյանը վստահեցրեց, որ կառավարությունը 2022-ին ևս շարունակելու է աջակցել Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանը:
Կարծիքներ