Հայաստանը՝ ինժեներական լուծումներ առաջարկող երկիր. մեկնարկեց SILICON MOUNTAINS 2022 գագաթնաժողովը
Արդեն երրորդ անգամ անցկացվող SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն այս տարի նվիրված է թվային փոխակերպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովը մեկնարկեց Մատենադարանում՝ հունիսի 17-ին, ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների և արտերկրից հրավիրված փորձագետների մասնակցությամբ, որոնք քննարկել են թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:
ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ նպատակ ունեն Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր:
«Նախորդ երկու գագաթնաժողովները նվիրված էին «խելացի» թվային տնտեսությանը. թե ինչպես թվային տեխնոլոգիաները կարելի է կիրառել տնտեսության տարբեր ճյուղերում և ստանալ արդյունք: Թվային փոխակերպումը դրա տրամաբանական շարունակությունն է: Ունենք հետաքրքիր բանախոսներ, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր խոսել են թվային օրակարգից, միջազգային փորձից, ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից»,- նշեց Մուսայելյանը:
Վերջինս կարևորեց Հայաստանի դիրքը որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր:
«Սրա նպատակն է ինֆորմացիան էլ ավելի հասանելի դարձնել՝ մատուցելով այնպես, որ մարդիկ հասկանան տեխնոլոգիաների կիրառության կարևորությունը: Հասկանան, որ մենք չունենք այլ շանս. պետք է գնանք բարձր տեխնոլոգիական և ինժեներական ուղղությամբ: Տարբեր երկրների օրինակներին նայելով և հաշվի առնելով Հայաստանի յուրահատկությունը՝ պետք է փորձել միջազգային փորձը այստեղ ևս կիրառել: Դա է ճիշտ ճանապարհը, դրանով են զարգացած և զարգացող երկրները շարժվում առաջ»,- ասաց նա:
Մուսայելյանը ընդգծեց՝ թվային փոխակերպում ասածը IT ունենալու մեջ չէ, մենեջմենթի մակարդակով պետք է հասկանալ դրա կարևորությունը:
Գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը։
«Կենտրոնական բանկը մշակել է իր ռազմավարությունը, որտեղ ֆինանսական համակարգի թվային տրանսֆորմացիան կարևորագույն ռազմավարական ուղղություն է: Կառավարության հետ որոշակի խաչվող խնդիրներ կան: Համաձայնություն է ձեռք բերվել այդ խնդիրները միասնաբար լուծել ազգային մակարդակով: Քանի որ բարդ ճանապարհ է և շատ փոփոխություններ են սպասվում բոլոր ոլորտներում՝ բոլորս պետք է հասկանանք՝ ուր ենք գնում և միասին տարբեր զոհաբերությունների գնալով՝ ստեղծենք նոր հնարավորություններ»,- նշեց Երիցյանը:
Վերջինս վստահեցրեց, որ եթե խնդիրը ձևակերպվի, որ թվայնացման նպատակը քաղաքացու կյանքի, բիզնեսի բարելավումն է, ոչ թե ներքին գործընթացները ավտոմատացնելը, հարցը կսկսի այլ ընկալում ունենալ, լուծումները հասանելի, տեսանելի կլինեն այն մարդկանց, ովքեր դրա շահառուներն են:
Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Այս տարի միջոցառմանն աջակցում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Գագաթնաժողովի այս տարվա հատուկ հյուրերն էին էստոնական Proud Engineers խորհրդատվական ընկերության տեխնոլոգիական տնօրեն (CTO) Անդրես Կուտտը և ռիսկի կառավարման փորձագետ Ռամզես Գալլեգոն։
Silicon Mountains առաջին գագաթնաժողովն անցկացվել էր 2019թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: Գագաթնաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:
2021թ. նոյեմբերի 19-ին կայացավ Silicon Mountains երկրորդ գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GITAward 2020) մրցանակակիրն է։
Կարծիքներ