Հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5. կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5. կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ՏԻՄ ընտրությունների անցկացման հարցին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նկատեց, որ երկու որոշում են կայացրել՝ կապված ժամկետների պահպանման հետ:

«Դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Մենք երեք օր ունենք ընտրությունների անցկացման՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5: Հայաստանում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին ու հինգ համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված ու միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել»,- ասաց Սանոսյանը:

Նա նշեց, թե 79 համայնքից կունենան 7-ը, որոնք որևէ մեկի հետ միավորված չեն, մնացած 72 համայնքը ինչ-որ կերպ միավորվել են: 441 համայնք միավորում են 38 համայնքային միավորի փնջի մեջ:

«Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով 441 համայնքները կմիավորվեն 38 համայնքային փնջերում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ ու Մեծաձոր համայնքներում կանցկացվի մեծամասնական ընտրակարգով ընտրություն»,- ասաց նախարարը:

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Գյումրիում, Գորիսում, Տաթևում, Մեղրիում, Տեղում, Դիլիջանում, մեծամասնականով՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում, իսկ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ կլինեն Իջևանում, Ստեփանավանում, Կապանում, մեծամասնականով՝ Արզնի ու Լերմոնտովո համայնքներում:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ ընտրություններով ոչ թե խոշորացման որոշում է կայացվում, կամ չի կայացվում, այլ խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում