Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

 

Փետրվարի 3-ին տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից՝ թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ․ մասնավորապես՝

լուսան՝ 1 առանձնյակ,

սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ կարմիր գիրք),

գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ կարմիր գիրք),

ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ,

կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ։

«Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։

Կոչ ենք անում ֆիզիկական և իրավաբանական անձանց զերծ մնալ վայրի կենդանիներ ապօրինի պահելուց։

 

Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում