Times. Պուտինի եւ Էրդողանի մրցակցությունն ավելի ակնհայտ է դառնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքականության հանդեպ իր հակաարեւմտյան մոտեցումը որպես լծակ օգտագործեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ` Թուրքիային ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից դուրս բերելու համար, սակայն նրանց մրցակցությունը Մերձավոր Արեւելքից մինչեւ Կովկաս երկրներում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, գրում է Times-ը:
Մինչ այժմ երկու առաջնորդների բարեկամությունը եւ նրանց համընկնող պրագմատիկ եւ գործնական մոտեցումը միջազգային հարաբերություններին հարթում էին տրամագծորեն հակադիր դիրքորոշումները սիրիական, լիբիական եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների, ինչպես նաեւ Միջերկրական ծովի Արեւելյան հատվածում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարածքային վեճի հարցում, որտեղ Ռուսաստանն աջակցում է Աթենքին, հաղորդում է BBC-ն:
Պատմականորեն Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններին միշտ հատուկ է եղել մրցակցությունը, այլ ոչ թե համագործակցությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք պայքարում էին Կենտրոնական Ասիայի մահմեդական հանրապետություններում ազդեցության համար, սակայն նոր հազարամյակի սկզբին Մոսկվան եւ Անկարան սկսեցին գործընկերական հարաբերություններ հաստատել էներգետիկայի, զբոսաշրջության եւ առեւտրի ոլորտում:
«[Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ] վստահության լուրջ խնդիր կա, որը երկու երկրների միջեւ ուղիղ հարաբերությունների արդյունք չէ: Այն սկսվել է Սիրիայում` Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից, եւ շարունակվել Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում: Վերջերս Էրդողանը նաեւ հայտարարություն արեց Ղրիմի վերաբերյալ [այն Ուկրաինայի անբաժանելի մաս անվանելով]»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է վերլուծաբան Այդին Սեզերը:
«Էրդողանն ու Պուտինը շատ առումներով նման են միմյանց. նրանք երկուսն էլ իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են հակաարեւմտամետության սկզբունքի վրա եւ պրագմատիկ մոտեցում ունեն միջազգային հարաբերությունների նկատմամբ: Նման է նաեւ նրանց մոտեցումը ընդդիմության հանդեպ: Երկու առաջնորդներն էլ կայսերական կարոտախտ են զգում, բայց մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ առաջնորդների սերտ հարաբերությունները չեն կարող մշտական լինել, եթե նրանք աջակցություն չեն ստանում ինստիտուցիոնալ կառույցների կողմից»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը:
Կարծիքներ