Մարությանը տարվա կեսը բացակայել է աշխատանքից, նրա փոխարեն Հրաչյա Սարգսյանն է կատարել պարտականությունները. Բաբայան .ՀԺ

Մարությանը տարվա կեսը բացակայել է աշխատանքից, նրա փոխարեն Հրաչյա Սարգսյանն է կատարել պարտականությունները. Բաբայան .ՀԺ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մուտքագրեց քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը, Մարությանին՝ անվստահություն հայտնելու գործընթացին անդրադառնալով, նշեց՝ Մարությանն իր աշխատելաոճում մի շարք խնդիրներ է ունեցել: «Հայկ Մարությանը վաղուց խզել է հարաբերությունները կուսակցության հետ: Մինչ խզելն էլ շատ խնդիրներ է ունեցել աաշխատաելաոճի հետ կապված: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշումը շատ երկար խմորված և հասունացած գործընթացի արդյունք է»:

Բաբայանի խոսքով՝ ինքը կարող է գնահատական տալ Երևանի քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ, քանի որ նախկինում եղել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Աշխատանքային հարցերով շատ եմ առչվել Երևանի քաղաքապետարանի հետ և կարող եմ ասել, թե որքան ահռելի դժգոհություններ կան գործարարների և մասնավորապես շինարարների կողմից: Քաղաքացիները, եթե որոշակի գոհունակություն ունեն վերելակների կամ տրանսպորտի բարեփոխումների հետ կապված, որոնք չնայած դանդաղ են ընթանում հենց Մարությանի պատճառով, բայց կա խիստ դժգոհություն ստվար մեկ այլ շերտի մոտ: Կա դանդաղ աշխատելաոճի խնդիր: Նա ունի միտում մի շարք խնդիրներ էլ Կառավարության դաշտ նետելու: Կուսակցության հետ կապը խզելն էլ ավելի բարդացրեց նրա հետ աշխատելը: ՔՊ-ն այլևս չէր կարող պատասխանատվություն կրել Մարությանի չարածների համար: Նա չէր աշխատում ավագանու անդամների հետ. մի քանի հոգու ընտրել էր որպես յուրային, մնացածին էլ համարում էր ոչ յուրային և նրանց հետ կապ չէր պահում»,- ասում է Բաբայանը:

Հարցին՝ մինչ կուսակցության հետ կապեր խզելը՝ մատնանշված թերացումները նկատե՞լ են, պատգամավորը դրական պատասխան տվեց. «Ժամանակին փորձեր են արվել թերացումները շտկելու, կապը նրա հետ ամրապնդելու, բայց չի հաջողվել: Վերջին շրջանում էլ ներքին քաղաքական խմորումները, ընտրությունները և այլ գործընթացներ բերեցին նրան, որ այս որոշումը պետք է կայացվեր»:

ՔՊ վարչության անդամի խոսքով՝ անվստահություն հայտնելու վերաբերյալ խմորումները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: «Դրան բերեց նաև այն, որ Հայկ Մարությանը պարբերաբար բացակայում էր աշխատանքից, ժամանում էր աշխատավայր կեսօրին, ինչը քաղաքապետարանի աշխատակիցները կարող են փաստել»,- ասում է նա:

Բաբայանը շեշտում է՝ Հայկ Մարությանի անձի մասին խոսում են նաև նրա վերջին գրառումները, երբ ավագանին իրեն անվստահություն է հայտնում, իսկ ինքը գրում է, թե նոր ավտոբուսներ ու վերելակներ է բերում՝ անտեսելով հասունացած խնդիրը. «Սա ցայտուն խոսում է մարդու բնավորության ու արժեհամակարգի մասին»:

Հարցին՝ փորձ արվե՞լ է հանդիպել Մարությանի հետ, խոսել ու հասկանալ միմյանց, Բաբայանն ասում է՝ բազմաթիվ փորձեր են եղել. «Հայկ Մարությանը ցանկացել է մի քանի անգամ լքել պաշտոնը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այդ մտքից հետ է կանգնել: Այնուհետև մենք ենք առաջարկել, որ նա լքի պաշտոնը, սակայն նա ասում էր՝ եթե կկարողանաք այնպես անել, որ ավագանին հայտնի անվստահություն, միայն այդ դեպքում: Նա վստահ էր, որ ավագանին չէր գնա այդ քայլին»:

Խոսելով իշխանական խմբակցության առաջադրած թեկնածուի՝ Հրաչյա Սարգսյանի մասին, անդրադառնալով նաև այն հարցին՝ բացի Սարգսյանից, այլ թեկնածուներ եղե՞լ են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը նշում է՝ թեկնածուների մասով քննարկումներ եղել են:

«Հրաչյա Սարգսյանն այս ընթացքում իրեն շատ բարեխիղճ է դրսևորել, երբևէ խնդիրներ չի ստեղծել: Նա ունի փորձառություն: Ես արդեն նշեցի, որ Հայկ Մարությանը տարվա կեսը բացակայել է աշխատանքից, և Հրաչյա Սարգսյանը նրա փոխարեն մեծ աշխատանք է կատարել: Այսպես ասած՝ տարվա կեսը Սարգսյանը քաղաքապետ է եղել»,- նկատում է նա:

Դիտարկմանը, որ Մարությանին անվստահություն հայտնելու լուրերին հետևելիս կարող ենք նկատել՝ երևանիցներն այնքան էլ դժգոհ չեն Մարությանի աշխատանքից, հարցին՝ փորձե՞լ են պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունեն մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ, Նարեկ Բաբայանը պատասխանում է. «Երևանցիները տեղյակ չեն ներքին խնդիրներից, և դրա կարիքը չկա էլ: Նրանք, «բարի Հայկ Մարության»-ի կերպարը հավանելով, միգուցե լրիվ այլ գնահական տան, մանավանդ որ որոշակի աշխատանք քաղաքապետարնն արել է: Մարությանն էլ կարողացել է լավ PR անել և դա ներկայացնել որպես իր աշխատանք, ոչ թե քաղաքապետարանի ինստիտուտի: Բայց ես վստահ եմ, որ այս փոփոխությամբ որևէ խնդիր չի առաջանա մայրաքաղաքի կյանքում: Ինչ բարեփոխումներ արդեն կատարվել են, էլ ավելի մեծ թափով իրականացվելու են»:

Նկատառմանը, որ Մարությանին անվստահություն հայտնելու լուրերը հաստատվելուց հետո որոշ շրջանակներ հիշեցնում են այն, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀԱԿ ցուցակով, սակայն դուրս եկավ խմբակցությունից և դարձավ անկախ պատգամավոր, նրան այդ քայլը կարելի՞ էր, իսկ Մարությանին՝ ոչ, Նարեկ Բաբայանը նկատում է՝ Հայկ Մարությանն ընտրվել է կոնկրետ որպես «Քաղաքացիական պայամանագրի» թեկնածու:

«Եթե մեր թեկնածուն լիներ մեկ այլ մարդ, նա նույն տոկոսով ընտրվելու էր: Եթե մեկը դուրս է գալիս կուսակցությունից, նա պետք է բարոյականության կոդեքս ունենա, հայտարարի դրա մասին, թողնի այդ պաշտոնը, ասի, որ ինքն արդեն ընդդիմադիր է և համաձայն չէ այդ կուսակցության դիրքորոշման հետ: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և ՀԱԿ-ին, ապա այստեղ հարցն այլ է: Նիկոլ Փաշինյանը, երբ ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել է պատգամավոր, նա եղել է այդ ցուցակում երկրորդ ամենաբարձր ռեյտինգ ունեցող մարդը: ՀԱԿ-ի առաջնորդի (հեղ. Լևոն Տեր-Պետրոսյան) ինքնաբացարկից հետո նա ՀԱԿ-ի կազմում ամենաբարձր ռեյտինգ ունեցող անձն էր և իր աշխատանքով էլ ցույց է տվել, թե ով էր ճիշտ և ով սխալ, երբ ՀԱԿ-ն այլ ուղի էր բռնում՝ ԲՀԿ-ի ու մյուսների հետ համագործակցելով»,- հիշեցնում է Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում