Միջազգային վերապատրաստման դասընթաց թանգարանների աշխատակիցների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Տարբեր երկրներում իրականացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղություններին վերաբերող այդ դասընթացների նպատակն է աջակցել անդամ պետություններին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ինստիտուցիոնալ և մասնագիտական միջավայրեր ստեղծելու գործընթացներում։
Դասընթացի իրականացմամբ ոլորտի մասնագետներին մեթոդական խորհրդատվություն կտրամադրվի թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման և հանրահռչակման ուղղությամբ: Թեմայի ընտրությունը պայմանավորված է թանգարանների բազմաբնույթ գործունեությամբ, որի զգալի հատվածը վերաբերում է մշակութային ժառանգության պահպանությանը:
Դասընթացին լեզուն անգլերենն է։ Այն վարելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասընթացավարների ցանկից ընտրված փորձագետներ Ժանետ Բլեյքը և Ջոաննա Օրը։ Դասընթացի առաջին երկու օրերն անցկացվելու են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, իսկ երրորդ օրը՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում: Զուգահեռ տեղի են ունենալու կարպետագործության և հացաթխման վարպետության դասեր, որոնք վարելու են այդ ոլորտների մասնագետները:
Նշենք, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է երկու միջազգային դասընթաց՝ 2017 և 2019 թվականներին, որոնք ուղղված էին համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու միջազգային հայտերի պատրաստմանը:
Կարծիքներ