Մատենադարանում կայացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը

Մատենադարանում կայացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրենի տեղակալ Սինե Ռացոն, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ներկա են եղել գիտական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Հայաստանի գիտական համայնքին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին միանալու համար` նշելով, որ այն ավելի վաղ մեկնարկած «Հորիզոն 2020» ծրագրի շարունակությունն է:

«Ծրագրին անդամակցությունը կարևոր ձեռքբերում է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում Հայաստանի գիտահետազոտական կազմակերպություններին, բուհերին, նորարարությունների ոլորտում աշխատող փոքր ու միջին ձեռնարկություններին՝ մասնակցելու եվրոպական մեծ տարածքի դրամաշնորհային մրցույթներին՝ որպես լիիրավ անդամ: Ծրագիրը կարող է դիտարկվել նաև ՀՀ գիտական և հետազոտական համակարգը եվրոպական տարածքում ինտեգրելու շատ լավ գործիք: Սա հնարավորություն է յուրացնելու ԵՄ-ում առկա գիտական փորձը, մասնակցություն ունենալու մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գիտական-գործընկերային խոշոր ծրագրերին»,- նշել է Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` Հայաստանի գիտնականներին հաջողվել է մոտ 4 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհներ ստանալ «Հորիզոն 2020» ծրագրով: Ստացված դրամաշնորհներից մի քանիսը գիտահետազոտական են. «Մեր խնդիրն է աջակցել, որ գիտնականների ներգրավվածությունը ԵՄ ծրագրերում մեծանա` հատկապես շեշտը դնելով գիտահետազոտական բաղադրիչի վրա: Իմ տպավորությամբ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է, քան մենք փաստացի օգտվել ենք «Հորիզոն 2020» ծրագրից: Մենք ակնկալում ենք ավելի մեծ արդյունքներ «Հորիզոն Եվրոպա» ծրագրից»:

Ըստ փոխնախարարի` գիտնականների մասնակցության ակտիվությունը խրախուսելու և նրանց աջակցելու առումով կարևոր է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը, որը համարվում է կապող օղակ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և Հայաստանի շահառու թիրախային խմբերի միջև: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը պատասխանատու է գիտական հանրույթի իրազեկման բարձրացման և կարողությունների զարգացման համար: Կենտրոնը պետք է աջակցի, որ գիտնականները կարողանան ճիշտ, ըստ պահանջվող ձևաչափի, ներկայացնել հայտերը: Նա նշել է, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի համաձայնագիրը՝ որպես միջպետական փաստաթուղթ, առաջիկայում պետք է ներկայացվի նաև Ազգային ժողովի վավերացմանը, ստանա ներպետական այլ ինստիտուտների համաձայնությունը:

Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրենի տեղակալ Սինե Ռացոն շնորհանդեսի մասնակիցներին ողջունել է տեսակապի միջոցով: Նա նշել է, որ Հայաստանն արդեն ունի 44 մասնակից ԵՄ գիտահետազոտական ծրագրերում` շեշտելով, որ Հայաստանն այս ծրագրի շրջանակում ունի բոլոր հնարավորությունները, ինչ ԵՄ անդամ երկրները:

«Ես համոզված եմ, որ Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ ամրապնդելու գիտության ասպարեզում հայաստանցի գիտնականների դիրքերը»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանի ասոցացված անդամությունը ԵՄ գիտության և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին: Նրա խոսքով` 2016 թվականից ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գիտնականները մասնակցել են ԵՄ գիտական ծրագրերին. «Համոզված եմ, որ ասոցացումը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին թույլ կտա շարունակել համագործակցությունը` զարգացնելով ձեռք բերված փորձը»:

Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը կլինի համակարգող

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին համագործակցության համար: Նա նշել է, որ հայ գիտնականների համար «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը բաց է եղել դեռևս 2021 թվականի սկզբից, չնայած Հայաստանի ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է միայն ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին:

«Պետք է անել ամեն ինչ, որ մեր երկրին տրվող դրամաշնորհներն առավելապես գիտական և հետազոտական բնույթի լինեն: Կառավարության աջակցությամբ վերագործարկված Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը, որի տնօրենը Տիգրան Արզումանյանն է, լինելու է ազգային կոնտակտային անձանց համակարգողը: Կենտրոնը պետք է ապահովի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթների հասանելիությունը ՀՀ գիտական կազմակերպություններին և բուհերին»,- նշել է Սարգիս Հայոցյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնին գործունեության համար տարածք է տրամադրվել ինֆորմատիկայի ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:

Նշենք, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը կազմակերպվել է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կողմից՝ ՀՀ գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

Միջոցառման երեք նիստերի ժամանակ ներկայացվել են «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման և միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Ելույթներով հանդես են եկել հայաստանյան և արտասահմանյան մասնագետները:

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027 թթ.-ի համար

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027 թթ.-ի համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է:

2019 թ.-ին ՀՀ ԳԱԱ-ն միացել է EURAXESS համաեվրոպական նախաձեռնությանը, որի շրջանակում ստեղծվել է EURAXESS-Հայաստան պորտալը, որում ներգրավվել են Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնը: EURAXESS ցանցը գիտնականներին մատուցում է տեղեկատվական և օժանդակ ծառայություններ, աջակցում է գիտնականների տեղաշարժին և կարիերայի զարգացմանը` միաժամանակ հնարավորություն ստեղծելով ընդլայնելու գիտական համագործակցությունն անդամ երկրների և աշխարհի միջև:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում