Արցախահայության կեցության ապահովմանն ուղղված ծրագրեր

Արցախահայության կեցության ապահովմանն ուղղված ծրագրեր

Հետպատերազմական շրջանում արցախահայության աջակցության տասնյակ ծրագրերի շրջանակում իրականացվում են նաև վերջիններիս կեցության ապահովմանն ուղղված ծրագրեր։

 

Նախարարության կողմից իրականացվում են 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց, ինչպես նաև կեցության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության միջոցառումները։ Առաջին միջոցառումը մեկնարկել է 2020 թ․ դեկտեմբերից։

 

Ներկայումս գործող 3 միջոցառումների շրջանակում սոցիալական աջակցություն Է տրվում անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս քաղաքացու համար 30,000 դրամի չափով։ Չափահաս անձը կարող է հյուրընկալված լինել ֆիզիկական անձանց կողմից կամ իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության կողմից։ Պետական այս միջոցառման շրջանակում մինչ օրս միջինում ամսական շուրջ 9,900 չափահաս արցախցու հյուրընկալման համար աջակցություն է տրամադրվել։

 

Բացի վերոնշյալ միջոցառումներից, նախարարության կողմից ժամանակավոր կացարանով ապահովվել է շուրջ 15,000 արցախցի՝ հիմնականում կոմունալ կացարաններում (սկսած 2020 թ․ հոկտեմբերից)։ Որպես կոմունալ կացարաններ ծառայել են պետական կամ համայնքային մարմինների ենթակայությամբ գործող կառույցներ (մանկապարտեզներ, կրթական կամ խնամքի կենտրոններ, առողջարաններ և այլն), շինություններ, հյուրատներ կամ հյուրանոցներ։

 

Նախարարության ջանքերով հնարավորինս ապահովվել է այս կացարաների բնակիչների սննդի և հիգիենայի պարագաների տրամադրումը։ Ներկայումս այս բնակիչներից շուրջ 1,000-ն են շարունակում կոմունալ կացարաններում բնակվել։

 

Ելնելով ընտանիքների շարունակական բնակության համար արժանապատիվ պայմանների անհրաժեշտությունից և կոմունալ կացարանների գործառույթների վերականգնման կարիքից՝ նախարարությունը նախաձեռնել է կոմունալ կացարաններում բնակվող ընտանիքներին կամավոր տեղափոխման նպատակով աջակցության ծրագիր։ Այն ենթադրում է կոմունալ կացարանում բնակվող ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, ըստ այդ կարիքների աջակցության կազմակերպում՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների միջոցով, Հայաստանում Արցախի շտաբի և մարզպետարանների ու ՏԻՄ մասնակցությամբ, ինչպե նաև ԱՍՀՆ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։ Ծրագիրը նոր է մեկնարկում․ լրացուցիչ մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում